Լրահոս

07.12.2010 18:04


Ռուզան Առաքելյան. «Զբաղվածության խնդիրն իր մեջ ներառում է նաև մշակութային օջախների հարցը»

Ռուզան Առաքելյան. «Զբաղվածության խնդիրն իր մեջ ներառում է նաև մշակութային օջախների հարցը»

Ցավակցելով բոլոր նրանց, ովքեր 1988թ. դեկտեմբերի 7-ին կորցրել են իրենց հարազատներին և մերձավորներին' ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է աղետի գոտում առկա երկու կարևոր խնդրի։

Նա նշել է, որ 150-ից ավելի ձեռնարկություններ աղետի ժամանակ ուղղակի ավերակի վերածվեցին, և հարյուրհազարավոր մարդիկ անգործ մնացին։ Նրանցից շատերն արտագաղթել են, իսկ նրանց առջև, ովքեր մնացել են, դեռևս ծառացած է օրվա հաց վաստակելու խնդիրը։

Այդ առումով նա նշել է, որ զբաղվածության մասին խոսելիս հաշվի է առնվում միայն բնակարանների խնդիրը, սակայն շատ կարևոր են նաև մշակութային օջախները, քանի որ ոչ միայն Գյումրի և Սպիտակ քաղաքաներում, այլև մարզերում ու գյուղական համայնքներում  բազմաթիվ երիտասարդներ կան, ովքեր ընդհանրապես զուրկ են մշակութային օջախներից օգտվելու հնարավորությունից։

-Զբաղվածության խնդիրն իր մեջ ներառում է նաև մշակութային օջախների հարցը,-ընդգծել է նա։

Երկրորդ կարևոր խնդիրը, ըստ Ռուզան Առաքելյանի, հոգեբանականն է, և չնայած որ «աղետի գոտի» տերմինի փոխարեն այլևս օգտագործվում է «զարգացման գոտի», այնուամենայնիվ շատ հոգեբաններ վկայում են, որ աղետի գոտում ապրող բազմաթիվ մարդիկ հոգեբանական բարդույթներ ունեն, որովհետև նրանց աչքերի առջև դեռ տնակներ կան, և մոտ 90 հազ. ընտանիք դեռևս ապրում է տնակներում։

-Որևէ նշանակություն չունի, թե գյումրեցիներից մեկն ապրում է շքեղ բնակարանում։ Բայց երբ նրա կողքին կա տնակ, և այդ տնակում ապրում են մարդիկ ու փոքրիկ երեխաներ, հոգեբանորեն այդ խնդիրը դեռևս չի հաղթահարվել,-ասել է նա և հավելել, որ այն, ինչ ինքն ասում է, հոգեբանների կողմից ներկայացված փաստարկներ են։

Զարգացման գոտին պետք ներառի նաև մարդկանց հոգեբանական այդ վիճակից հանելու հարցերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը