Լրահոս

04.06.2018 16:15


«Քեթրին Գրուպ». Այս տրամաբանությամբ քննչական մարմինները կարող են կալանավորել Հայաստանում հաշվառված հարյուրավոր նույնագույն «Պորշ Կայեն»-ներ

«Քեթրին Գրուպ». Այս տրամաբանությամբ քննչական մարմինները կարող են կալանավորել Հայաստանում հաշվառված հարյուրավոր նույնագույն «Պորշ Կայեն»-ներ

Հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է, թե ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ գտնված անձինք Կ. Ուլնեցու փողոցում բռնություն էին գործադրել ցուցարարների նկատմամբ:

Իսկ այժմ իրականությունը․

ՀՀ քննչական կոմիտեն հարցում է ուղղել «Քեթրին Գրուպ» և «Ֆրուտիմեքս» ընկերություններին՝ թե արդյոք նրանց ենթակայության տակ հաշվառվա՞ծ են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաներ։ Ի պատասխան նշյալ հարցմանը՝ «ՖրուտիՄէքս» ընկերությանը պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի 333QD33 համարանիշի ավտոմեքենան ներկայացվել է զննության, իսկ «Քեթրին Գրուպ»-ից հայտնել են ընկերությունում հաշվառված «Պորշ Կայեն» մակնիշի 989LP61 համարանիշի խափանված ավտոմեքենայի գտնվելու վայրը։ Ընդամենն այսքանը։ Մինչդեռ տարածված հայտարարությունը, կարծես, ամբողջովին այլ ենթատեքստով է ներկայացված։ Տպավորություն է, թե փորձ է արվում շրջանառության մեջ ապատեղեկատվություն դնել։

Այս տրամաբանությամբ քննչական մարմինները կարող են կալանավորել Հայաստանում հաշվառված հարյուրավոր նույնագույն «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաներ: Եվ վերջապես, խախտելով անմեղության կանխավարկածը, ՔԿ-ն հայտարարում է, թե վերը նշված ավտոմեքենաներում գտնվել են Կ. Ուլնեցու փողոցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած անձինք: Ավելին, նման հայտարարությամբ հանդես գալու համար մինչ օրս ներկայացված չէ մեղավորությունը ապացուցող և ոչ մի փաստ:

Ուստի պահանջում ենք պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու պարագայում ներկայացնել փաստերն ամբողջությամբ` հանրությանը ընտրողաբար չներկայացնելով այն, ինչը նպատակահարմար է գտնում քննչական մարմինը:

Հարգանքով`

«Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն

Ռիկարդո Անտոնիո Մերինո

Այս խորագրի վերջին նյութերը