Լրահոս

19.02.2010 22:44


Հայաստան-ՆԱՏՕ համագործակցություն

Փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության և պլանավորման դեպարտամենտի զորային պլանավորման վարչության պետ, Ֆրենկ Բոլանդին և պլանավորման ու վերանայման  գործընթացի գնահատման խմբի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին' Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ շարունակական զարգացում է ապրում: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներն ու ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող որոշ զորավարժությունների ու միջոցառումների: Անդրադառնալով Կոսովոյում և Աֆղանստանում հայկական ստորաբաժանումների խաղաղարար առաքելություններին' պաշտպանության նախարարը ՀՀ-ի կողմից ՆԱՏՕ-ի միջազգային անվտանգության և կայունության հաստատման գործողություններին  մասնակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց: Սեյրան Օհանյանը ներկայացրեց նաև որոշ տվյալներ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի և ՀՀ պաշտպանության նախարարությունում ներդրված քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը և դրա իրագործման միջոցները մանրամասնող պլանավորման և վերանայման գործընթացը հիանալի ուղեցույց են առաջիկա  5 տարիներին համատեղ ծրագրերի իրականացման համար:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը