Աշխարհ

01.06.2018 09:40


Վրաստանի գլխավոր դատախազը հանրային ճնշման ներքո հրաժարական է տվել, ցուցարարները վարչապետին թույլ չեն տվել խոսել

Վրաստանի գլխավոր դատախազը հանրային ճնշման ներքո հրաժարական է տվել, ցուցարարները վարչապետին թույլ չեն տվել խոսել

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հանրային ճնշման ներքո ժամեր առաջ հրաժարական տվեց։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Թբիլիսիի քաղաքային դատարանը 2017 թվականի դեկտեմբերի մեկին մայրաքաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով մահացած երկու անչափահասների գործով որոշումն էր հրապարակել։ Ըստ որոշման՝ անչափահասներից միայն մեկի սպանության մեջ կասկածյալին է դատարանը մեղավոր ճանաչել։

Դատարանի որոշումը լուրջ բողոքի պատճառ է դարձել և առավոտից Թբիլիսիում անչափահաս զոհերի հարազատները հազարավոր աջակիցների հետ բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով արդար դատավճիռ կայացնել։

Ավելի վաղ ցուցարարները պահանջում էին գլխավոր դատախազի հրաժարականը, որը, փաստորեն, տեղի ունեցավ։

«Ինձ համար, որպես գլխավոր դատախազ, հատկապես կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը պետական կառույցների նկատմամբ: Ցանկանում եմ անձամբ դիմել Խորավա փողոցում սպանված դեռահասների ծնողներին: Ես եղել եմ և մնում եմ ձեր կողքին: Որպես գլխավոր դատախազ և հայր, ուզում եմ ասել, որ ինձ պետք չէ պաշտոնս՝ ձեր երեխաների կյանքի գնով»,-ասել է Շոթաձեն:

«Գնա, գնա, գնա…»,-Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի դիմաց, ցուցարարները պահանջում են նախկին վարչապետ, այժմ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հեռացումը քաղաքականությունից, ինչպես նաև կառավարության մի շարք անդամների հրաժարականը:

Դեպքի վերաբերյալ Բիձինա Իվանիշվիլին հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե ողբերգությունից ցնցված է և վստահ է, որ արդարություն է լինելու։

«Ես անձամբ ճանաչում եմ գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին և վստահում եմ նրա պրոֆեսիոնալիզմին և բարեխղճությանը: Ես հավատում եմ, որ Իրակլին, նրա գրասենյակը ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր հանցագործները պատշաճ կերպով պատասխան տան օրենքի առջև»:

Բողոքի ակցիայի կազմակերպիչները նաև պահանջում են կառավարության մի շարք անդամների, այդ թվում՝ արդարադատության նախարարի հրաժարականը։

Ցույցի կազմակերպիչներից Զվիադ Կուպրավան, ասել է, որ արդարադատության նախարարի կողմից օրվա ընթացքում արված հայտարարություններն ամոթալի են և նա պետք է ժամանակին հեռանա պաշտոնից: Հանրահավաքի կազմակերպիչների կարծիքով, եթե նրանց պահանջները չբավարարվեն, ապա գործողությունը կդառնա ավելի ծավալուն, քանի որ տարբեր մարզերում ապրող քաղաքացիները ևս կմիանան իրենց:

Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին սոցիալական ցանցում անդրադարձել է գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրաժարականին՝ հայտարարելով, թե համաձայն չէ Շոթաձեի որոշման հետ և դիմել է դատախազներին՝ ասելով, որ մինչ նոր ղեկավարի նշանակումը պահպանեն հանգստություն:

Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև անցկացվող բողոքի ցույցի ընթացքում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին թույլ չեն տվել խոսքն ավարտել։ Ցուցարարները տարբեր իրեր, այդ թվում շշեր են նետել վարչապետի ուղղությամբ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը