Լրահոս

19.02.2010 18:08


Կառավարությունը ստիպված է վճարել

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն կոչված է կարգավորելու  Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների վարձատրության հարցը: Նախագծի վերաբերյալ Կառավարության կարծիքի համաձայն, գործող օրենքը նախատեսում է այդ վարձատրությունը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ ՀՀ ֆինանսների նախարարը գրավոր հիմնավորել էին օրենսդրական բացի առկայությունը: Հայտնի է նաեւ, որ 2009թ. Երեւանում տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները չեն վարձատրվել, իսկ նախագահը, նրա տեղակալը եւ քարտուղարը վարձատրվել են օրենքով նախատեսվածից քիչ: Քննարկման արդյունքում Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն առաջարկեց նախագծին եզրակացություն տալու հարցի քննարկումը հետաձգել 30 օրով' հիմնվելով Կառավարության այն կարծիքի վրա, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը պետք է վարձատրվեն համապատասխանաբար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի վարձատրության 50%-ի չափով, իսկ հանձնաժողովի  անդամը պետք է նույն ժամանակահատվածի համար վարձատրվի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի մեկ ամսվա վարձատրության 50%-ի չափով: Նա հորդորեց Կառավարությանը 30-օրյա ժամկետում հավատարիմ մնալ իր կարծիքին եւ ապահովել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների, նախագահի, տեղակալի եւ քարտուղարի վարձատրությունները օրենքով սահմանված չափաքանակով:

 

Օրենսդրական նախաձեռնության հեղինակ Ա. Բախշյանը միացավ հանձնաժողովի նախագահի առաջարկությանը եւ քվեարկությամբ կայացվեց վերոնշյալ որոշումը'  30-օրյա ժամկետ տրամադրել Կառավարությանը' 2009թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների, նախագահի, տեղակալի եւ քարտուղարի վարձատրությունները' օրենքով սահմանված չափաքանակով ապահովելու համար: Խնդրի քննարկման ընթացքում նաեւ տեսակետ հնչեց, որ 2009 թվականին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները պետք է վարձատրվեն կամ հաշվի առնելով Կառավարության որոշումը, առանց նախագծի ընդունման, կամ նախագծի ընդունմամբ' նրան հետադարձ ուժ տալով:

 

Նույն Հանձնաժողովում այսօր քննարկվել է նաեւ «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Զարուհի  Փոստանջյանի դիմումը պետական-իրավական հարցերի հանձնաժողովում հայ-թուրքական արձանագրությունները նույնպես քննարկելու եւ խորհրդարանական լսումներ կազմակերպելու վերաբերյալ,  որը մերժվել է:

 

Պետական-իրավական հանձնաժողովի նիստում քննարկվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով քրեական օրենսգրքում վիրավորանքի եւ զրպարտության հոդվածների ապաքրեկանացման պատրվակով, ըստ էության, նախագծի հեղինակները փորձ են կատարում ճնշել իշխանական կարծիքից տարբերվող ԶԼՄ-ների աշխատանքը եւ, չնայած «Ժառանգություն» խմբակցության դեմ լինելուն' այն ստացավ դրական եզրակացություն եւ կներառվի նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:

«Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը