Հարցազրույց

19.02.2010 17:48


Վլադիմիր Կարապետյան.

Վլադիմիր Կարապետյան.

Հարցազրույց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի հետ

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ղազախստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի՝ Վիեննայում վեհաժողովի ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ արած այն հայտարարությունը, թե Ղազախստանը ԵԱՀԿ նախագահության շրջանակներում աշխատում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհային քարտեզի ստեղծման վրա։

-Կարծում եմ՝ ճիշտ պաշտոնյան, ճիշտ մարմինը, որը նման հայտարարություն պետք է աներ, ոչ թե ԵԱՀԿ նախագահն էր, այլ մասնագիտորեն հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը։ Այսինքն, ճիշտ կլիներ, որ հայտարարությունը համանախագահներից հնչեր, այլ ոչ թե ԵԱՀԿ նախագահից, ով 2 ամսից էլ պակաս է, ինչ ստանձնել է այդ պաշտոնը։

-Այս հայտարարությունը կարո՞ղ է նշանակել, որ ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը ձգտում են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը։

-Կարծում եմ՝ նման ցանկություն յուրաքանչյուրի մոտ կա, յուրաքանչյուր բանական մարդու, ով հասկանում է, որ ղարաբաղյան հակամարտության երկարաձգումը որևէ երկրի որևէ օգուտ չի բերում։ Ես դա շատ տրամաբանական եմ համարում։ Այս խնդրի լուծումը ոչ ի նպաստ Հայաստանի մի դեպքում կարող է լինել՝ երբ ինքներս լինենք թուլացած, և երբ այն խնդիրներն ու հարցերը, որ մենք առաջնահերթ ենք համարում ԼՂՀ ինքնորոշման համար, չպաշտպանենք։ Այլ պարագայում ես բացառում եմ, որ մեզ համար ոչ նպաստավոր ճնշումներ կամ զարգացումներ լինեն։ Միևնույն ժամանակ 2010-ն ընտրական տարի չէ, և միջազգային հանրության տեսակետից այդ առումով վստահ եմ, որ ճնշումները կարող են շատանալ կողմերի վրա, որպեսզի փոխադարձ ընդունելի լուծումները դյուրին գտնվեն։

-Իսկ հնարավո՞ր է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոնտեքստում հայտնված ճանապարհային քարտեզի ի հայտ գալուն պես ղարաբաղյան հարցում էլ կանգնենք փաստի առաջ։

-Ես որևէ բան չեմ բացառում այս իշխանություններից։ Եթե իրենք օդից ապրիլի 22-ին հայտարարեցին, որ նախապատրաստված է համաձայնագիր Թուրքիայի հետ, և դա մի քանի ամիս գաղտնի պահեցին, ապա  չեմ բացառում, որ նման քայլերի էլ կարող  է գնալ իշխանությունը։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ հաշվի առնելով հարցի կարևորությունը, որն անհամեմատելի է հայ-թուրքական սահմանի բացման խնդրի հետ, իշխանությունը ձեռնպահ կմնա և ավելի զգուշավոր կլինի նման գիշերային քայլերից, ինչպես նաև այն քայլերից, որոնք ժողովրդի թիկունքում են արվում, և չի գնա դրան։

-Իսկ հակամարտության կարգավորման առումով մոտ ապագայում ի՞նչ ակնկալիքներ ունեք։

-Ակնկալիքները հետևյալն են՝ Հայաստանը պետք է ուժեղացնի իր դիրքերը և Ղարաբաղի հետ միասին անի ամենը, որ երաշխավորի իր ապագա կարգավիճակն ու ԼՂՀ անվտանգությունը։

-Ի՞նչ եք կանխատեսում՝ դա կիրականանա՞։

-Կարծում եմ, որ Ադրբեջանը չի գնա արագացված կարգավորման։ Հաշվի առնելով ԵԽԽՎ-ում նոր ստեղծվող ԼՂ հանձնաժողովի գործընթացը, ինչպես նաև ամռանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Թուրքիայի նախագահությունը՝ կարծում եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն կոնսոլիդացնել իրենց ուժերն այդ երկու զարգացումներին ընդառաջ, որոնք, իմ կարծիքով, շատ բացասական են Հայաստանի համար։

-Իսկ հնարավո՞ր են արտաքին զարգացումների հետ կապված ֆորսմաժորային իրավիճակներ նաև ներքաղաքական կյանքում։

-Ես այս պահին չեմ տեսնում և նախորդ հարցում բացատրեցի՝ ինչու։ Որովհետև Ադրբեջանը չի գնալու այս փուլում ակտիվացման՝ փորձելով ուժերը հավաքել ավելի ուշ ժամանակահատվածում, որի մասին խոսեցի։

-Շատերն այսօրվա իրավիճակը նմանեցնում են 1997-ի հետ, երբ Հայաստանի իշխանությունների վրա ԼՂ հարցում ուժեղացան միջազգային ճնշումներն, ու արդյունքում Լևոն Տեր–Պետրոսյանը հրաժարական տվեց։ Նման զարգացումները որքանո՞վ են իրատեսական։

-Ես կարծում եմ, որ ենթադրություններով և զուգահեռներով կարող են փայլուն խոսել միայն այն վերլուծաբանները, որոնք շատ հաճախ ձեր կայքում քննարկումներ են անում։ Ես, որպես քաղաքական գործիչ, ուզում եմ իրատեսական գնահատականներ տալ և զարգացումների մասին խոսել՝ հաշվի առնելով այն միտումներն ու զարգացումները, որոնք ես տեսնում եմ։ Այդ զուգահեռները ես համարում եմ ոչ տեղին։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը