Հարցազրույց

18.02.2010 19:12


Թամարա Վարդանյան.

Թամարա Վարդանյան.

Հարցազրույց «Նորավանք» հիմնադրամի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանի հետ

-Որպես ջավախահայերի խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվող փորձագետ՝ ինչպե՞ս եք գնահատում Ջավախքում տիրող ներկա իրավիճակը, ի՞նչ գնահատական  կարող եք տալ  Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը Ջավախքում։

-Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերանայի իր գերակայությունները Հայաստան-Վրաստան հարաբերություններում։ Ջավախքի խնդիրը պետք է դիտել միայն այդ համատեքստում։ Բանն այն է, որ մենք սխալ գերակայություն ենք հռչակել։ Մենք պետք է ասենք, որ Հայաստան-Վրաստան հարաբերություններում մեր հիմնական խնդիր-պահանջը յուրաքանչյուր հայի անվտանգությունն է։ Սա ամենաառաջինն է։ Մնացյալը պետք է ածանցյալ լինի այս խնդրից։ Մենք պետք է ազգային արժանապատվության արտաքին քաղաքականություն վարենք նաև Վրաստանում։ Եթե արտաքին քաղաքականության հիմքում չկա ազգային արժանապատվությունը, մենք ոչ մի ճակատում չենք հաջողելու, լինի հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, թե հայ-վրացական։ Ազգային արժանապատվությունը ոտնահարել չի կարելի։ Եթե Հայաստան-Վրաստան հարաբերություններում մենք հայտարարում ենք, որ մեզ համար ավելի կարևոր է յուրաքանչյուր հայի անվտանգությունը, որպես հայ ապրելու, գոյատևելու և զարգանալու իրավունքը Վրաստանի տարածքում և Ջավախքում, քանի որ ջավախեցիներն իրենց պատմական հայրենիքում են ապրում, մեր դիրքերն ավելի են ամրապնդվում։ Այս ձևով Հայաստան-Վրաստան հարաբերություններում մենք այդ կրավորական կեցվածքից դուրս ենք գալիս և տրանզիտային խնդիրները դնում ենք երկրորդական պլան։ Այս դեպքում վրացիներն ավելի են մեղմացնելու իրենց դիրքորոշումը, քանի որ կախման մեջ են գտնվելու մեզանից։ Իրենք հասկանալու են, որ ամեն օր, ամեն ժամ ոտնահարում են հայերի իրավունքները էթնիկ փոքրամասնության և մարդու իրավունքների տեսակետից։ Այս իմաստով մենք անպայման պետք է վերանայենք մեր արտաքին քաղաքականության ուղենիշները և Հայաստան-Վրաստան հարաբերություններում հռչակենք, որ մեզ համար գերակա է յուրաքանչյուր հայազգի անհատի անվտանգության խնդիրը։

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն, ըստ Ձեզ, ինչպիսի՞ անդրադարձ կունենա Ջավախքի, ինչպես նաև հայ-վրացական հարաբերությունների վրա։

-Նախ հստակեցնենք՝ ինչ է նշանակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում։ Հայ-թուրքական հարաբերություններ, որպես այդպիսիք, ընդհանրապես գոյություն չունեն։ Կա հայ-թուրքական հակամարտություն։ Սա մեկ։ Եվ երկրորդ՝ չեմ կարծում, որ առաջիկայում մեզ կհաջողվի որոշակի հարաբերություններ հաստատել կամ է՛լ ավելի բարձրագոչ խոսքեր ասել, կարգավորել կամ զարգացնել այդ հարաբերությունները։ Մենք հստակ տեսնում ենք, որ ազգային արժանապատվությունը ոտնահարած արտաքին քաղաքականությամբ առաջնորդվելու դեպքում ենք միշտ տանուլ տալու։ Նույնը մենք տեսնում ենք հայ-թուրքական ճակատում։ Թուրքական կողմն անընդհատ բարձրաձայնում է իր պահանջները, և հայկական կողմն անընդհատ հետ է նահանջում։ Սա անընդունելի է։ Եթե մենք այս ուղղությամբ շարժվենք, գնալու ենք ընդհանուր կոլապսի։ Այսօր մենք վտանգելու ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը՝ սուվերենությունը։ Նման ձևով առաջ գնալով՝ կոլապսի առջև ենք կանգնելու։ Դա մեզ համար խիստ վտանգավոր է։ Անհրաժեշտ է օր առաջ կասեցնել այս գործընթացը։ Թուրքերը շարունակ հնչեցնում են իրենց կոշտ հայտարարությունները, մենք այստեղից փափուկ հայտարարություններ ենք անում։ Կոշտ հայտարարություններին պետք է հետևեն է՛լ ավելի կոշտ արձագանքներ։ Հակառակ դեպքում մենք կհայտնվենք կոտրած տաշտակի առջև։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը