Լրահոս

18.02.2010 16:18


Ա. Մինասյան. «Հայաստանի իշխանությունները պետք է սեթևեթանքի քաղաքականությանը վերջ տան»

Ա. Մինասյան. «Հայաստանի իշխանությունները պետք է սեթևեթանքի քաղաքականությանը վերջ տան»

-Սա ազգայի՛ն հարց է,- խոսելով ջավախահայության իրավունքների մասին՝ «Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայապահպանությունը և ջավախահայության իրավունքների պաշտպանությունը» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։ Նա նշել է, որ այդ իրավունքները կարող է երաշխավորել միայն ինքավարության կարգավիճակը.

-Բայց ինքնավարության կարգավիճակը պետք է լինի բնական, արժանանա նաև տարածաշրջանում անհրաժեշտ աջակցության, ինչու չէ, նաև վրացիներն ինքնավարության մեջ պետք է տեսնեն իրենց պետության շահը։ Հակառակ դեպքում ոչնչի չենք հասնի, կամ մնում է մեկ այլ տարբերակ՝ կղերապահպանողական գաղափարախոսությամբ առաջ շարժվել, փորձել դրսևորել հարմարվողականություն, տարբեր ձևաչափերով քստմնելի գործողություններ, որոնք ոչ մի հարցի լուծում չեն տալիս,- ասել է Ա. Մինասյանը՝ այս ուղղությամբ առաջին գործողությունը համարելով ջավախահայության ինքնամաքրումը։

-Մենք խոսում ենք Ջավախքի իրավունքների պաշտպանության մասին՝ զուգահեռաբար չքննադատելով, չպայքարելով նրանց դեմ, ովքեր Ջավախքը տանում են վրացական ազգային անվտանգության ծառայությունների դաշտ։ Հնարավոր չէ ազգային այս նպատակը կյանքի կոչել, եթե մենք չինքնամաքրվենք, եթե շարունակենք հանդուրժել (ի դեպ, սա ուղղված է նաև Հայաստանի իշխանություններին) ԱԺ պատգամավորին «persona non grata» հայտարարելու վրացական քաղաքականությունը, բազմաթիվ գործիչների մասով վրացական իշխանությունների անօրինական վարքագծի դրսևորումը։

Ա. Մինասյանը նշել է նաև, որ վրացական ազգային անվտանգության ծառայությունների աշխատանքը տարածվում է ոչ միայն Ջավախքում, այլ նաև ՀՀ-ում.

-Հայաստանի իշխանություններն, ի վերջո, պետք է սեթևեթանքի քաղաքականությանը վերջ տան։ Շատ ավելի հստակ, շատ ավելի պարզ և շատ ավելի ուղիղ պետք է խոսեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը