Լրահոս

18.02.2010 20:11


Հայտարարություն Ջավախքի վերաբերյալ

Այսօր տեղի է ունեցել Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայապահպանությանը և ջավախքահայության իրավունքների պաշտպանությանը նվիրված սեմինար, որի մասնակիցներն ընդունել են հետևյալ հայտարարությունը.
 
Վրաստանի հայ փոքրամասնությունը, և հատկապես երկրի հարավ-արևմտյան շրջաններում (Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջան) համախումբ բնակվող նրա հատվածը՝ ջավախքահայությունը, տառապում է իր քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթա-մշակութային և կրոնական իրավունքների ոտնահարումից.
 
- Հայ բնակչությունը ոչ համաչափ է ներկայացված կամ գրեթե չի ներկայացված իր համախումբ բնակության շրջանների կառավարման մարմիններում,
- Վրացական իշխանությունները պարտադրում են հայ փոքրամասնությանն իր համախումբ բնակության շրջաններում հանրային գործունեության բոլոր ոլորտներում օգտագործել բացառապես վրացերենը,
- Հայերի համախումբ բնակության շրջանների վարչական մարմիններում, կրթա-մշակութային հաստատություններում աշխատանքի ընդունվելը փոխկապակցված է վրացերենի իմացությանը, որին ջավախքահայության գերակշիռ մեծամասնությունը օբյեկտիվ պատճառներով լավ չի տիրապետում:
- Հայ Առաքելական Եկեղեցին Վրաստանում չունի  իրավական կարգավիճակ, և վրացական իշխանությունները չեն վերադարձնում խորհրդային իշխանության տարիներին նրանից բռնագրավված հայկական տաճարները:
 
Բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը (2007թ.), Եվրախորհրդի Խորհրդակցական Կոմիտեն (2009թ.) հորդորում են վրացական իշխանություններին լուծում տալ Վրաստանի հայ փոքրամասնության առջև ծառացած խնդիրներին՝ վերադարձնել հայկական տաճարները և գրանցել Հայ Առաքելական Եկեղեցին, վերացնել լեզվի հիմքի վրա խտրականությունը և թույլ տալ հայերի համախումբ բնակության շրջանների կառավարման մարմիններում հայերենի օգտագործումը, վերացնել ազգային փոքրամասնությունների համարժեք քաղաքական ներկայացվածությունը խոչընդոտող օրենսադրական և գործնական արգելքները:
 
Սակայն վրացական իշխանությունները, արհամարհելով միջազգային հանրության հորդորներն ու հանձնարարականները, շարունակում են ջավախքահայության նկատմամբ իրենց խտրական քաղաքականությունը, որը վերջին ժամանակներին ընդունել է հայաբնակ շրջաններում հասարակական-քաղաքական ակտիվության ցանկացած դրսևորում արմատախիլ անելու ուղղվածություն.
- 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո գնալով ուժեղանում են Վրաստանի ուժային կառույցների կողմից հայաբնակ շրջանների   հանրային-քաղաքական կյանքի ուղղորդման երևույթները,
-  Արգելված է ջավախահայության խնդիրներով զբաղվող մի շարք գործիչների մուտքը Վրաստան: Խոչընդոտներ  են հարուցվում անգամ հայալեզու գրականություն ու մամուլ Ջավախք փոխադրելու հարցում:
- 2007-09 թվականների ընթացքում վրացական ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու և հեռակա դատավարություններ անցկացնելու հետևանքով իրենց հայրենիքը լքեցին տասնյակ ջավախքահայ ակտիվիստներ (Արթուր Պողոսյան, Գուրգեն Շիրինյան, Արամ Բաթոյան և այլն): Շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտվեց ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, դատական հետապնդումների և հալածանքների ենթարկվելով' իրենց քաղաքական գործունեությունը դադարեցրեցին ջավախքահայ ակտիվիստներ  Գրիգոր Մինասյանը ու  Սերգեյ Հակոբջանյանը և այլն:
 
Մենք՝ ներքոստորագրյալներս, խիստ անհանգստացած և վրդովված ենք վրաց իշխանությունների կողմից ջավախքահայության նկատմամբ իրականացվող քաղաքականությամբ, որի արդյունքում Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանը կանգնել է հայաթափման լուրջ վտանգի առջև:
 
Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և  միջազգային կազմակերպություններին (ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոխորհուրդ և այլն) ձեռնարկել անհապաղ միջոցներ ջավախահայության  նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականությունը կասեցնելու ուղղությամբ՝ երաշխավորելով հայ բնակչության անվատանգությունը:
 
Առաջնահերթ ենք համարում՝
1. Ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների անհապաղ դադարեցումը,
2. Հայոց լեզվին հայերի համախումբ բնակության շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը,
3. Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու իրավական կարգավիճակի և հայ տաճարների վերադարձման խնդրի լուծումը:
 
Մենք կոչ ենք անում Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայապահպանության խնդրով մտահոգ Հայաստանի և Սփյուռքի բոլոր հասարակական-քաղաքական ուժերին, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչներին միահամուռ լծվել ջավախահայության իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված պայքարին, հետամուտ լինել ջավախքահայության՝ իր ապագան հայրենի հողում կառուցելու համար լիարժեք պայմանների ստեղծմանը:

Այս խորագրի վերջին նյութերը