Հարցազրույց

13.05.2018 22:31


Քաղաքագետ․ «Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն և մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին»

Քաղաքագետ․ «Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն և մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին»

Կառավարության ձեւավորումից հետո, ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի, նախ պետք է փոխվի Ընտրական օրենսգիրքը, եւ պետք է խստացվեն ընտրակաշառքի հետ կապված դրույթները։ Այս մասին Երվանդ Բոզոյանը հայտարարեց Hraparak.am-ի հետ զրույցում։

Քաղաքագետը կարծում է, որ պետք է հավասարակշռվեն իշխանության տարբեր թեւերի՝ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, Ազգային ժողովի լիազորությունները։ «Մենք բոլորս հասկանում էինք, որ այս համակարգը ստեղծված էր կոնկրետ մեկ մարդու համար եւ պետք է լիներ սուպերվարչապետական համակարգ։ Այսինքն՝ այդ օրենքները պետք է պարտադիր ընդունվեն մինչեւ արտահերթ ընտրությունները»,-կարծիք հայտնեց Երվանդ Բոզոյանը։

Քաղաքագետը պարտադիր պայման է համարում քաղբանտարկյալների ազատ արձակումը։ «Քաղբանտարկյալները պետք է իրավունք ունենան մասնակցելու արտահերթ ընտրություններին, որպեսզի քաղաքական ներկապնակը ավելի օբյեկտիվ պատկեր ունենա»,-ասաց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին, ապա պետք է արագ լուծվեն այն ճչացող խնդիրները, որոնց մասին երկար տարիներ բարձրաձայնել են քաղաքացիները։

«Կարծում եմ, որ միայն արտահերթ ընտրություններ անցկացնելուց հետո կձեւավորվի միջազգայինեւ հայ հանրության կողմից ընկալելի, լեգիտիմ իշխանություն»,-ասաց քաղաքագետը։ Նրա կարծիքով՝ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան աշնանից ոչ ուշ։ Ավելի շուտ, ըստ քաղաքագետի, հնարավոր չէ հասցնել իրականացնելու փոփոխությունները, իսկ ավելի ուշ էլ կարող են դեվալվացիայի ենթարկվել հեղափոխության արժեքները, եւ մենք կունենանք լուրջ խնդիրներ։ Հարցին, թե ՀՀԿ-ն չի՞ ձգտի ռեւանշի, Երվանդ Բոզոյանն արձագանքեց․ «Շատ տրամաբանական է, որ կձգտեն ռեւանշի, դա իրենց իրավունքն է։ Օրենքի ձգտում ցանկացած ձգտում ես համարում եմ նորմալ»։

Ինչ վերաբերում է կառավարության կազմին, ապա Երվանդ Բոզոյանը նշեց, որ նախ ինքը չի ճանաչում կառավարության նորանշանակ անդամներին, բացի այդ, սա ժամանակավոր կառավարություն է, ուստի չի շտապում հնչեցնել գնահատականներ։ «Ավելի լուրջ վերաբերվելու եմ ընտրություններից հետո ձեւավորվող կառավարությանը, քանի որ լուրջ խնդիրներ լուծելու համար պետք է լինի ամբողջական լեգիտիմ իշխանություն»,-ասաց Երվանդ Բոզոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը