Լրահոս

17.02.2010 18:22


Քաղաքագետ. «Ընդդիմությունն իշխանության նույն տեսակն է. նրանք ձգտում են իրենց կորցրած իշխանությունը վերականգնել, ուրիշ ոչինչ»

Գյումրիում շատերի կարծիքով ընդդիմության գործունեությունը հեռու է բավարար լինելուց: Տարբեր մասնագետներ տվյալ եզրակացությանը հանգելու իրենց պատճառներն ունեն: Օրինակ՝ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Արշավիր Գասպարյանի կարծիքով այսօրվա ընդդիմությունը Հայաստանի քաղաքական դաշտում եղանակ չի ստեղծում և ամենակարևորը՝ վստահություն չի ներշնչում. «Ներկայիս ընդդիմությունը պասիվ է, չի գործում և չի աշխատում: Ես ընդդիմություն ասելով հասկանում եմ  այն քաղաքական ուժը, որը եղանակ է ստեղծում, վստահություն ներշնչում քաղաքացիներին և կապված չէ իշխանության հետ: Ընդդիմությունն իշխանության նույն տեսակն է. նրանք ձգտում են իրենց կորցրած իշխանությունը վերականգնել, ուրիշ ոչինչ»,-ասում է Արշավիր Գասպարյանը:

Իսկ Ա. Դ. Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզի ղեկավարը թեև իրեն համարում է ներկայիս իշխանությունների ընդդիմախոսը, սակայն ընդդիմությանը չի վստահում. «Առկա ընդդիմությունն իր դերակատարությունը լիարժեք չի իրականացնում: Արդյունավետ է այն ընդդիմությունը, որը կառուցողական է, առաջարկում է հստակ գաղափարախոսություն, հայեցակարգ և ծրագրեր: Մեր ընդդիմությունն այս առումով ասելիք չունի. այն միմիայն ներկայիս իշխանություններին ժխտող ընդդիմություն է, մյուս չափանիշները չունի և իշխանությանը գաղափարախոսական այլընտրանք չի հանդիսանում»:

«Որո՞նք եք համարում ներկայիս ընդդիմության հիմնական սխալները» հարցին Արշավիր Գասպարյանը պատասխանել է. «Բոլորն ուզում են գեներալ դառնալ, ոչ ոք չի ուզում զինվոր լինել: Այսօր մեզ ավելի շատ զինվորներ են պետք, ոչ թե թագավորներ: Իսկ մեր ընդդիմությունը չի կարող այդպիսին դառնալ. ես այդ մարդկանց մոտ նման կարողություն և ցանկություն չեմ տեսնում»:

Նույն հարցի վերաբերյալ Սեյրան Մարտիրոսյանը կարծիք է հայտնել. «Ընդդիմությունը բավական պասիվ է. գրեթե չի աշխատում, առիթից առիթ: Ասում են՝ եթե իշխանությունն ազգի շահերը ոտնահարող որևէ քայլ անի, մենք կհավաքվենք փողոցում։ Այդպես չի լինում. դա ամբոխավարություն է: Ընդդիմության աշխատանքը պետք է ամենօրյա լինի, քաղաքացին այդ աշխատանքը պետք է զգա: Իսկ մյուս սխալն այն է, որ ընդդիմությունը չափից ավելի է կենտրոնացված. միայն Երևան են պատկերացում, մարզերում գրեթե աշխատանք չի տարվում: Սա տարօրինակ է, որովհետև մարզերում ավելի շատ խնդիրներ կան, քան Երևանում»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը