Լրահոս

16.02.2010 15:05


Մանվել Գրիգորյանը վերընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ

Մանվել Գրիգորյանը վերընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ

Երկրապահ կամավորականների միության այսօր տեղի ունեցած 8-րդ համագումարում գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը միաձայն վերընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ։ Մինչ այդ իր բացման խոսքում Մ. Գիրգորյանը հայտարարել է.

-Մեր եղբայրների, մեր ընկերների արյամբ պահպանել ենք Արցախի անկախությունը։ Բոլորը պիտի հասկանան, որ հայը զիջելու բան չունի։ Բոլորը պիտի հասկանան նաև, որ մայրաքաղաք Երևանի պաշտպանությունն սկսվում է ազատագրված տարածքներից, Արցախ աշխարհից, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններից։ Եթե վտանգվի մեր ձեռք բերածը՝ Արցախի անկախությունը, ապա երկրապահը նորից կլինի հայրենիքը պաշտպանողների առաջին շարքերում։ Դրանում որևէ մեկը թող չկասկածի։ Մենք ունենք մեր մարտական ընկերների, սուրբ նահատակների պատգամը ՝ պահպանել ազատ, անկախ և միացյալ Հայաստանը։ Ես միշտ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ մենք դեռ ազատագրելու շատ բան ունենք։ Մենք ունենք այն հարևաններին, ինչ ունենք, և վաղ թե ուշ մենք բոլորի հետ պետք է ունենանք նորմալ, քաղաքակիրթ հարաբերություններ։ Թուրքիայի պարագայում մենք սահմանների բացմանը դեմ չենք, բայց սահմանների բացումը պետք է լինի առանց նախապայմանների։ Եթե նախապայմանների խնդիր կա, ուրեմն առաջինը հայ ժողովուրդը պետք է նախապայմաններ դնի, որովհետև Ցեղասպանությամբ բռնազավթված մեր պատմական հայրենիքի մեծ մասը դեռ գերության մեջ է։

Մ. Գրիգորյանը նաև կոչ է արել հանուն սպարապետ Վազգեն Սարգսյանի և հերոս տղաների հիշատակի հավերժացման համախմբվել ու ԵԿՄ 8-րդ համագումարը համարել հայ ժողովրդի համախմբման համագումար.

-Մեզ այսօր ավելի շատ համախմբվել է պետք, որ կարողանանք ազգովին դիմակայել մեզ սպասող մարտահրավերներին։ Մեզ համախմբվել է պետք, որ չկրկնվեն հոկտեմբերի 27-ը և մարտի 1-ը։ Ես միասնականության կոչ եմ անում Հայաստան և Արցախ աշխարհի, սփյուռքի ողջ հայությանը։ Համախմբվենք, որ հաղթահարենք և՛ ներքին, և՛ արտաքին դժվարությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը