Լրահոս

16.02.2010 12:10


ԵԱՀԿ նախագահը զգուշավոր լավատես է

Փետրվարի 16-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևի մամուլի ասուլիսը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն ու Ղազախստանն իրար են կապում երկարատև բարեկամական հարաբերությունները, որոնք հաջող զարգանում են քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։ Նա նշել է, որ երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամ են, և բնական է, որ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ նրանց դիրքորոշումները մոտ են ու համընկնում են։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման հեռանկարները, մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Խոսվել է արտաքին հարաբերությունների ոլորտում տարբեր միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության մասին։ Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ Հայաստանը ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու հարցում պաշտպանել է Ղազախստանի թեկնածությունը, որը Ղազախստանին փոխանցվեց 2010թ. հունվարին, և այսօր էլ երկու երկրներն աշխույժ համագործակցում են վերոնշյալ կազմակերպության շրջանակներում։

-Այսօր ևս մեկ անգամ հաստատվել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ հետագայում ևս Ղազախստանին աջակցել իր նախագահության ծրագրի իրականացման հարցում, որի հիմքում այնպիսի արդի հարցեր են, ինչպիսիք են ԵԱՀԿ-ի արդյունավետության, հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման հարցերը։ Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման  հարցում ԵԱՀԿ-ի կենտրոնական դերը, ես ներկայացրել եմ բանակցային գործընթացի զարգացման դինամիկան, ինչպես նաև այդ ուղղությամբ իրականացվող մեր ջանքերը, որոնք ուղղված են խնդրի խաղաղ կարգավորմանը։ Մտքեր ենք փոխանակել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ,-ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Կանատ Սաուդաբաևը նշել է, որ առաջին անգամն է Երևանում։ Ղազախստանի արտգործնախարարը ևս նշել է, որ Հայաստանը պաշտպանել է ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը և այսօր էլ աջակցում է այդ գլխավոր ու պատասխանատու գործի իրականացման արդյունավետությանը։ Նա նշել է, որ Հայաստանը պաշտպանել է ԵԱՀԿ վեհաժողովի անցկացման վերաբերյալ  Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությունը։

-Մեր նախագահության առաջնահերթություններից է այսպես կոչված ձգձգվող հակամարտությունների լուծումը, և այդ պատճառով է, որ ԵԱՀԿ նախագահի իմ առաջին այցը հենց Ձեր տարածաշրջան էր։ Մեր միջև տեղի ունեցավ մտքերի բավական բաց փոխանակություն։ Ինձ համար շատ կարևոր էր ծանոթանալ այդ կապակցությամբ առկա խնդիրների ամբողջ փաթեթին։ Այդ պատճառով Ղազախստանը, որը գիտի այդ հակամարտության պատմությունը, մեր նախագահը, ով ընդգրկված էր իրավիճակի կարգավորման գործընթացում դեռևս 1991թ., տարածաշրջան էր այցելել Բորիս Ելցինի հետ, այս բոլոր տարիների ընթացքում ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը։ Եվ կարծում եմ, որ բացի մեզ նախորդած ԵԱՀԿ նախագահների գործադրած ջանքերից, հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր կողմերի ջանքերով նվաճված արդյունքների հիմքում Ղազախստանը լրացուցիչ ռեսուրսներ ունի։ Նկատի ունեմ հակամարտության վերաբերյալ մեր գիտելիքները, որոշակի պատմական և մենթալիտետային ընդհանրությունը։ Կցանկանայի հատուկ նշել բարձր հարգանքն ու վստահությունը, որ մեր երկրի ղեկավար Նուրսուլթանը վայելում է հակամարտության մասնակից բոլոր կողմերի շրջանում։ Մենք մտադիր ենք ուժեղացված ազդակ հաղորդել այդ գործընթացին, սակայն դրա հետ մեկտեղ համոզված ենք, որ խնդրի լուծումն առաջին հերթին իրավիճակում ներգրավված կողմերի ձեռքին է։ Գործընթացի մնացած մասնակիցները օգնողներ են, կողմեր են, որոնք ազնվորեն ցանկանում են նպաստել դրա խաղաղ կարգավորմանը, որը մեծ վնաս է հասցնում այնտեղ ներգրավված ժողովուրդներին և խանգարում է երկրների ու տարածաշրջանի բնականոն զարգացմանը,- ասել է Կանատ Սաուդաբաևը։

Այս տեսանկյունից նա նշել է, որ իրավիճակի զարգացման հեռանկարների վերաբերյալ իրենք զգուշավոր լավատես են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը