Լրահոս

13.02.2010 20:35


Սարիբեկ Սուքիասյանի ձերբակալման վերաբերյալ ՀԱԿ հայտարարությունը

Վարչախումբը շարունակում է ապավինել իր գոյատեւման միակ միջոցին՝ քաղաքական հալածանքներին, որոնց թիրախն են սովորական մարդկանցից սկսած, մինչեւ քաղաքական ու տնտեսական գործիչները։ Սկսած այն պահից, երբ Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության պաշտպանության օգտին հրապարակավ հանդես եկավ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը եւ Սուքիասյանների ընտանիքը, նրանք եւս դարձան վարչախմբի ապօրինությունների առաջին թիրախներից մեկը։ Նրանցից ապօրինաբար խլվել է «Բջնի» հանքային ջրերի գործարանը, զանազան խոչընդոտներով առավելագույնս նեղացվել է նրանց բիզնես գործունեության շրջանակը, պատճառվել են հսկայական նյութական ու բարոյական կորուստներ։

Փետրվարի 12-ին, շարունակելով գործարար այս ընտանիքի դեմ հալածանքները, ոստիկանական հատուկ ջոկատայինները, առանց որեւէ նախազգուշացման ու օրինական հիմք ներկայացնելու, բարբարոսական հարձակման են ենթարկել Սուքիասյաններին պատկանող «Սիլ» կոնցեռնի գրասենյակը եւ ոստիկանական բաժանմունք բերման ենթարկել «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին եւ կոնցեռնի աշխատակիցներից մեկին։ Նրանք ապօրինաբար պահվել են ոստիկանությունում՝ առանց կարգավիճակի ճշտման ու զրկված փաստաբանական օգնության հնարավորությունից։ Այս առիթով ոստիկանության տարածած՝ հակասություններով լի պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ վարչախումբը Սուքիասյանների վրա մի նոր հերթական գործ է սարքել, ու ներկայացված մեղադրանքները ոչ մի կապ չունեն իրականության հետ։

Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է ողջ հասարակությանը ահաբեկելուն միտված վարչախմբի հերթական այս խայտառակ քայլը, դա գնահատում որպես քաղաքական հաշվեհարդարի ցցուն մի նմուշ, դրա վրա հրավիրում տեղական եւ միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը եւ պահանջում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին։

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը