Լրահոս

13.02.2010 15:14


Սարիբեկ Սուքիասյանը շարունակում է պահվել ոստիկանության Էրեբունու բաժնում

Սարիբեկ Սուքիասյանը շարունակում է պահվել ոստիկանության Էրեբունու բաժնում

Ոստիկանության Էրեբունու բաժնում «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ստեփան Սաֆարյանին և Անահիտ Բախշյանին խոստացել են, որ ամեն ինչ անելու են օրենքի շրջանակներում։ Այս մասին «7օր»-ին այսօր ասել է Ա. Բախշյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ օրվա երկրորդ կեսին, ոստիկանության հատուկ ջոկատայինները ներխուժել էին Սուքիասյաններին պատկանող «Սիլ կոնցեռնի» կենտրոնական գրասենյակ և ոստիկանության Էրեբունի բաժին տարել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը' «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին։ Բերման է ենթարկվել նաև «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը։

Օրենքով սահմանված 3 ժամ հետո էլ, սակայն, Սարիբեկ Սուքիասյանի փաստաբաններին չէին թողել ներս մտնել ոստիկանության Էրեբունու բաժնի շենք։ Նրանց՝ Անահիտ Բախշյանի և Ստեփան Սաֆարյանի հետ, թույլատրել են ներս մտնել միայն մոտ ժամը 20։00-ին։ Ոստիկանությունում են եղել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները:

«Ժառանգություն» խմբակցության անդամները զրուցել են ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալի հետ, ով վստահեցրել է, որ փաստաբաններին ներս չթողնելու պատճառը զուտ ժամանակային խնդրի հետ է կապված եղել։

Ա. Բախշյանն ու Ս. Սաֆարյանը զրուցել են նաև Սարիբեկ Սուքիասյանի հետ, ով համոզմունք է հայտնել, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի։

-Մենք էլ այն կարծիքին ենք, որ հերթական անգամ Սուքիասյան ընտանիքի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է փորձում թխվել,- «7օր»-ին ասել է Ա. Բախշյանը։

«Սիլ կոնցեռնի» մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն էլ այսօր «7օր»-ին ասել է, որ առայժմ որևէ նորություն չունի։ Քիչ ավելի ուշ հնարավոր է, որ հաղորդագրություն տարածվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը