Լրահոս

07.12.2010 15:45


Թուրքերը ծրագրում էին սպանել ՀՅԴ հայաստանյան ներկայացուցչին. ո՞ւմ և ինչո՞ւ

Թուրքերը ծրագրում էին սպանել ՀՅԴ հայաստանյան ներկայացուցչին. ո՞ւմ և ինչո՞ւ

«Թուրք վրիժառուների միություն» կոչված կազմակերպությունը (TİBT) թուրք-քրդական բախումներ հրահրելու համար Թուրքիայում ծրագրում էր մի շարք մահափորձեր իրականացնել քուրդ գործարարների և քաղաքական գործիչների դեմ։ «Cihan»-ի տեղեկացմամբ՝  այս մասին նշված է թրքական անվտանգության ծառայության պատրաստած արձանագրության մեջ։

Այդ փաստաթղթում նշվում է, որ «TİBT»-ը սերտորեն համագործակցում է «Էրգենեկոն» և «JITEM» (թրքական ժանդարմերիայի հետախուզության գաղտնի ստորաբաժանում) կազմակերպությունների հետ։ Արձանագրությունում  նշվում է նաև, որ «TİBT»-ի անդամները մահափորձ էին ծրագրում նաև ՀՅԴ կուսակցության հայաստանյան բարձրաստիճան մի ներկայացուցչի դեմ։ Դրա մասին է վկայում «TİBT»-ի երկու անդամների՝ Մութլու Էրդողանի և ոմն Օնուրի միջև 2009թ. մարտի 22-ին կայացած հեռախոսազրույցի գաղտնալսումը։

«Տեղեկություն է ստացվել այն մասին, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանից Թուրքիա է ժամանել Դաշնակցություն կուսակցության քաղաքական կոմիտեի նախագահը»,-ասում է Օնուրը, ինչին ի պատասխան՝ Մութլու Էրդողանը նախ հայհոյում է, հետո ասում. «Հետևում ենք, սակայն այս պահին պետք է լուռ մնանք։ Թող մի քանի ամիս անցնի, հետո կամաց-կամաց մեր գործը կսկսենք, կանգ չենք առնի»։

2009թ. փետրվար-մարտին Թուրքիայում է գտնվել ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը, ով գործուղվել էր այնտեղ՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին: Այս մասին տեղեկացրել է  ՀՅԴ Մամլո դիվանը:

-Անշուշտ մենք ունենք մեր մեկնաբանությունն ու վերլուծությունը այս իրավիճակի և նման լրատվության տարածման վերաբերյալ, սակայն ես չեմ կարծում, որ նման կարիք կա այդ լուրն այսօր մեկնաբանել: Կյանքում կան որոշակի լուրեր և որոշակի տիպի տեղեկատվություն, որոնք պարզապես պետք է լսես ու շարունակես քո աշխատանքը: Ամեն լուրի վերաբերյալ կարծում եմ կարիք չկա մեկնաբանություն տալ կամ արձագանքել,- «7օր»-ին ասել է Արա Նռանյանը:

Ա.Նռանյանը Թուրքիայում եղել է երկու անգամ' առաջին անգամ փետրվարին, որպես Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աուդիտորական հանձնախմբի նախագահ, իսկ երկրորդ այցելությունը տեղի է ունեցել ապրիլին  (Դաշնակցության կոալիցիայից դուրս գալուց հետո) և Մանիսա քաղաքում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և իրավական հարցերի հանձնախմբի նիստ:

-Մինչ այդ այցելությունները որևէ հատուկ գրությամբ մենք այստեղից' ոչ ես, ոչ ԱԺ-ն չենք դիմել անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկելու համար: Ինձ դիմավորել են քարտուղարության աշխատակիցները, սակայն իմ տեղաշարժումը եղել է ամբողջովին ազատ: Նույնիսկ, երբ ինձ առաջարկեցին ինչ-որ օգնություն, աջակցություն, ես ցանկություն հայտնեցի ինքնուրույն տեղաշարժվել,- ասել է Արա Նռանյանը և հավելել, որ Ստամբուլում այցելել է երեք խմբագրատներ' «Մարմարա», «Ակոս» և «Ժամանակ», որոնց էջերում տպագրվել են հարցազրույցներ:

Թե ինչո՞վ է պայմանավորված այդ լուրի տարածումը այս պահի դրությամբ, Արա Նռանյանը չի ցանկացել մեկնաբանել, նշելով, որ տեղեկատվությունը շատ քիչ է ու անհասկանլի, հետևապես պետք է դա ընդունել որպես փաստ և վերջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը