Աշխարհ

10.04.2018 18:12


Հունաստանի զինուժը Էգեյան ծովում նախազգուշական կրակ է բացել թուրքական ուղղաթիռի ուղղությամբ

Հունաստանի զինուժը Էգեյան ծովում նախազգուշական կրակ է բացել թուրքական ուղղաթիռի ուղղությամբ

Ապրիլի 9-ին երեկոյան Թուրքիայի զինված ուժերի ուղղաթիռը թռիչքներ է իրականացրել Էգեյան ծովի Դոդեկանեսյան կղզիների տարածքում: Այն հեռացել են այն բանից հետո, երբ Հունաստանի զինված ուժերը նախազգուշական կրակ են բացել ուղղաթիռի ուղղությամբ: Այս մասին հայտնում է հունական Kathimerini պարբերականի կայքը:

Ուղղաթիռը մասնավորապես թռիչքներ է իրականացրել Ռո կղզու հատվածում, որը գտնվում է Կաստելլորիզո կղզուց արևմուտք: Ըստ աղբյուրի՝ միջադեպի մասին տեղեկացրել են փոխվարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Դեպքի մանրամասները Հունաստանի պաշտպանության նախարարը քննարկել է զինված ուժերի շտաբի պետի հետ:

Հունական կողմը պնդում է, որ նախորդ օրերին Թուրքիայի օդուժի F-16 կործանիչները ևս մի քանի անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը:

Ըստ Sputnik News գործակալության՝ ուղղաթիռը պատկանել է Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայությանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը հայտարարել է, որ իր հրամանով շուրջ 7000 հավելյալ զինծառայող է ուղարկվելու Էգեյան ծովի կղզիներ և Հունաստանի հյուսիսարևելյան սահմանային գոտիներ՝ Թուրքիայի սադրանքները կանխելու համար: Այս հայտարարությունից հետո Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը ստուգումներ էր իրականացրել Էգեյան բանակում:

«Այն, ինչի կարիքը մենք ունենք, ամբողջ հունական ժողովրդի զգոնությունն է ընդդեմ հակառակորդի, թշնամու, որը շարունակում է մեզ սադրել: Մենք չենք վախենում և չենք խոնարվում նրանց սադրանքների, սպառնալիքների և նրանց վիրավորանքների առջև: Դրանք մեզ ավելի ուժեղ են դարձնում»,-հայտարարել է Կամմենոսը:

Վերջին մի քանի ամսում ՆԱՏՕ-ի անդամ այս երկու երկրների հարաբերությունները կրկին սրվել են: Թուրքիայի և Հունաստանի զինված ուժերի միջև պարբերաբար միջադեպեր են գրանցվում մասնավորապես Էգեյան ծովի Իմիա, կամ թուրքական անվամբ՝ Քարդաք կղզում:

Քարդաք/Իմիա և հարակից կղզիների հարցում Թուրքիան և Հունաստանը մշտապես ունեցել են անհամաձայնություններ ու նման միջադեպերը գրեթե մշտական բույթ են կրում:

1932 թ. Թուրքիայի և Իտալիայի միջև կնքված պայմանագրով Իմիա կզղին և ևս 11-ը անցնում են Իտալիային, իսկ այնուհետև՝ Հունաստանին: Սակայն Թուրքիան մինչ օրս փորձում է խախտել այդ համաձայնագրի պայմաններն ու կղզիներն ամբողջությամբ միացնել իր տարածքին:

Իմիայում կողմերի միջև առաջին լուրջ միջադեպը գրանցվել է 1996 թ., երբ կողմերը պատերազմի եզրին էին կանգնած: Սակայն իրավիճակին միջամտել են ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել պատերազմից:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը