Հարցազրույց

13.02.2010 16:48


Երվանդ Բոզոյան

Երվանդ Բոզոյան

Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա ընթացքն ինչպե՞ս եք գնահատում։

-Կարծում եմ, որ «ֆուտբոլային» քաղաքականությունն այլևս գոյություն չունի. այն ավարտվեց բավական անփառունակ ձևով, որովհետև գրեթե բոլորն էլ հասկանում են, որ այս գործընթացը սառեցված է։ Խնդիրն այն է, որ կողմերն այդ գործընթացից փորձում են այնպես դուրս գալ, որ մեղքն ընկնի մյուս կողմի վրա։ Թուրքիան որպես պատրվակ է փորձում օգտագործել Հայաստանի սահմանադրական դատարանի վերջին որոշումը, իսկ հայկական կողմը փորձում է հիմնավորել նրանով, որ Թուրքիան փաստացի նախապայման է դրել Ղարաբաղի հարցը, ինչն արձանագրությունների մեջ չկար։ Կարծում եմ, որ ժզարգացումները գնալու են  այն խնդրի շուրջ, թե ինչպես են երկու կողմերը դուրս գալու այս գործընթացից։

-Այս ենթատեքստում ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Լոնդոնում և Թուրքիայի նախագահին հղած «օդային» ուղերձը։

-Անկեղծ ասած՝ Սերժ Սարգսյանի այդ «օդային» ուղերձի մասին ոչ մի բան չեմ ցանկանում ասել, որովհետև այդտեղ արժեքավոր բան չկար։ Իսկ Լոնդոնում ունեցած նրա ելույթը ես կգնահատեի հակասական. Լեռնային Ղարաբաղի հարցում նրա դիրքորոշումները բավական հստակ էին, մինչդեռ Թուրքիայի հետ կապված՝ ինձ համար բավական տարօրինակ, որովհետև նրա քաղաքականության արդյունքում այս երկու խնդիրները փաստացի շաղկապվեցին։ Թուրքիայի ձեռքը տվեցին այդ խաղաթուղթը, որ օգտագործի։ Իսկ  հիմա էլ նա փորձում է կրկին տարանջատել, ինչին այօրվա դրությամբ թուրքական քաղաքական շրջանակներն ուղղակի պատրաստ չեն։  

-Կարելի՞ է հասկանալ, որ այդ քայլով հիմա Սերժ Սարգսյանը ցանկանում է «ֆուտբոլային» դիվանագիտությունը հետ պտտեցնել։

-Միանշանա՛կ։ Ուղղակի խնդիրն այն է, որ նա փորձում է հետ պտտեցնել այն պայմանով, որ հիմնական մեղքը լինի Թուրքիայի վրա, ոչ թե իր։

-Բայց դա կհաջողվի՞ նրան։

-Ես այդ հարցին չեմ կարող միանշանակ պատասխանել։ Խնդիրն այն է, որ Թուրքիան փորձում է ամբողջ մեղքը բարդել հայկական կողմի վրա, հայկական կողմը փորձում է բարդել թուրքական կողմի վրա։ Թե ինչպիսին կլինի վիճակը, այս պահին դժվարանում եմ ասել, սակայն միջազգային շրջանակներն ավելի շուտ մի կողմից փորձում են առաջխաղացում ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի ճակատում, մյուս կողմից՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Թուրքիան, այնուամենայնիվ, գնա այդ քայլին, սակայն Թուրքիայում չկա այն քաղաքական ուժը, որն ունենա այնպիսի ռեսուրս, որ գնա միակողմանի այդ քայլին։ Անշուշտ, ֆորմալ իմաստով Թուրքիան չի ուզում փակել այս դուռը, որովհետև այս գործընթացը Թուրքիայի համար 100%-ոց շահեկան էր։ Դրանով նա Հայաստանին կարողացավ ներքաշել այն ծուղակի մեջ, որը կոչվում էր Ցեղասպանության ճանաչման գործընթացի փակուղի, քանի որ նա վերջնականապես չի գնում արձանագրությունների հաստատմանը։ Այն վտանգը կա, որ ճնշում կլինի Ցեղասպանության ճանաչման հետ կապված, սակայն երբ թուրքերը հասկացան, որ հայկական կողմը պատրաստ է ավելի լայն զիջումների գնալ, ուղղակի Թուրքիայի քաղաքական դաշտը փոխվեց, դիրքորոշումները փոխվեցին։ Ցանկացած փորձագետ կնշի, որ ընդամենը 3-4 տարի առաջ՝ նույն 2005թ. Էրդողանի ուղերձի ժամանակ, թուրքական քաղաքական շրջանակները պատրաստ էին առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի նախապայմանի իսկապես լուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ։ Նույնիսկ իրենք էին պատրաստ «ֆուտբոլային» քաղաքականությունն սկսել, և կարծում եմ՝ այն ժամանակվա Հայաստանի արտաքին քաղաքականությունը բավական ճիշտ էր և կոշտ, որովհետև միայն կոշտ քաղաքականությունն է բերում զիջումների։ Պրակտիկան դա է ցույց տալիս։ Իսկ այսօր, երբ մենք սկսեցինք այս տխրահռչակ «ֆուտբոլը», ունենում ենք այսպիսի տխրահռչակ վախճան։

-Արցախի հարցի հետ կապված լարվածություն է նկատվում, և բավական շատ են խոսակցությունները, որ պատերազմական գործողությունների հավանականությունը մեծացել է։ Ձեր գնահատականները։

-Ես նույնպես արձանագրում եմ, որ պատերազմի վտանգն էապես մեծացել է։ Այստեղ երկու գործոն կա։ Առաջին գործոնն այն է, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը բավական լուրջ տնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել, իսկ անցյալ տարվա 14,4% անկումը շատ բացասական ցուցանիշ է։ Պետք է բոլորս հիշենք, որ Հայաստանը պատերազմական իրավիճակում գտնվող երկիր է, և տնտեսական այդ ճգնաժամը սովորական երկրի տնտեսական անկում չէ, այլ պատերազմական վիճակում գտնվող երկրի տնտեսական անկում է, որն էականորեն ազդում է պատերազմի վտանգի վրա։ Երկրորդ գործոնը տխրահռչակ «ֆուտբոլային» քաղաքականությունն է, որը հանգեցրեց այն վիճակին, որ ԼՂ-ի հարցում ճնշումները շեշտակիորեն մեծացան, և դրա արդյունքում նրանք փորձում էին զիջումներ կորզել թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից։ Տա՛ Աստված, որ Ադրբեջանն իր այս կոշտ դիրքորոշումը պահպանի, որովհետև այսօրվա դրությամբ մեր միակ հաջողությունն Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն է։ Եթե հանկարծ Ադրբեջանը որոշակի զիջումների գնար, ապա միջազգային հանրությունն արդեն ուղղակի չէր հասկանա մեր դիրքորոշումը, և այստեղ Ադրբեջանը կարող էր պատերազմ սկսելու «քարտ բլանշը» ստանալ։ Սա է խնդիրը։

-Այսպիսով, ի՞նչ եք կանխատեսում։

-Պատերազմի վտանգը շեշտակիորեն մեծացել է։ Հայաստանը թուլացել է, իսկ դա նշանակում է ուժերի հավասարության փոփոխություն։ Ի վերջո, պատերազմի վերսկսման վտանգը պայմանավորված է այդ հանգամանքներով։ Եթե մենք ուզում ենք՝ պատերազմ չլինի, ապա պետք է իսկապես կոշտ դիրքորոշումներ, զարգացող տնտեսություն և ճիշտ արտաքին քաղաքականություն ունենանք։ Այս երկու գործոններն են, որ մեզ զերծ կպահեն պատերազմից։ Թեև մենք պետք է հասկանանք, որ, ի վերջո, Ադրբեջանը չի հաշտվել այս վիճակի հետ։ Եթե մենք ուզում ենք, որ պատերազմ չլինի, պետք է վերանայենք մեր պետության զարգացման ամբողջ փիլիսոփայությունն իր ներքին կյանքում, տնտեսական հարաբերություններում, քաղաքական համակարգում և այլն։ Եթե մենք կարողանանք այդպիսի՛ քաղաքականություն սկսել և առաջ տանել, ապա կարծում եմ, որ պատերազմի վտանգն ավելի կթուլանա։ Մենք պետք է հասկանանք, որ այդ պատերազմի վտանգը միշտ էլ կա, իսկ հավանականությունը մեծ, թե փոքր կլինի, արդեն կախված է տվյալ իրավիճակից։ Սա ոչ թե Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, այլ Հայաստանի անվտանգության հարցը։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ բոլորն էլ հասկանան, որ մենք ԼՂ հարցում զիջելու ռեսուրս չունենք։ Եթե հանկարծ մենք զիջեցինք, դոմինոյի սկզբունքով մեր անվտանգության համակարգը ուղղակի կփլվի, և մենք կստանանք այն, ինչ ստացել ենք 1920-ին։ Սա ինձ համար միանշանակ է։

-Տեսակետ կա, որ եթե ուզում ենք պատերազմից խուսափել, ապա պետք է շուտափույթ զիջումների կամ լուծումների գնանք։

-Դա որևէ հիմք չունեցող տեսակետ է. շուտափույթ լուծումն ումի՞ց է կախված։ Կողմերի դիրքորոշումները շատ տարբեր են, և հակամարտությունների միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ այդպիսի խնդիրներն ուղղակի չեն կարող լուծվել։ Օրինակ՝ արաբաիսրայելական կոնֆլիկտը. 4 պատերազմ եղավ, որից հետո նոր միայն արաբական աշխարհն Իսրայելին լեգիտիմ ճանաչեց, այսինքն՝ մինչև այդ 4 պատերազմներն այդ երկիրը գոյատևման պայքար էր մղում։ Չկա առանձին ԼՂ-ի խնդիր, կա Հայաստանի պետության ապագան։ Եթե մենք կարողանանք այս խնդիրը լուծել, ապա իսկապես կպահպանենք մեր գոյությունը։ Եթե մենք չենք հասկանում այդ տարրական փիլիսոփայությունը, ուրեմն մեր ապագան լուրջ վտանգված է։

-Ձեր ներկայացրած արտաքին քաղաքականության ֆոնի ներքո ներքին ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

-Ներքին զարգացումները կախված են այսօրվա արտաքին քաղականության խնդիրներից։ Եթե իշխանությունները բավական կոշտ դիրքորոշումներ ունենան ԼՂ-ի հարցում, կարողանան այս «ֆուտբոլային» քաղաքականությունը հետ պտտեցնել, ապա կարծում եմ, որ լուրջ ֆորսմաժորային գործոններ չեն լինի։ Տնտեսական վիճակը շատ ծանր է. տնտեսական ճգնաժամը, անկումը բավական բացասական հետևանքներ են թողնում ողջ հասարակության վրա, և կարծում եմ, որ, այնուամենայնիվ, մինչև հաջորդ ընտրությունները մեծ էքսցեսներ չեն լինի։ Եթե իշխանությունները, այնուամենայնիվ, փորձեն որոշակի զիջումների գնալ ԼՂ-ի հարցում, ապա ես միանշանակ կանխատեսում եմ ֆորսմաժորային տարբերակներ։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը    

Այս խորագրի վերջին նյութերը