Հարցազրույց

20.03.2009 18:28


Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյան

Մարտի 19-ին վարչական դատարանը վճռել է անվավեր ճանաչել ««Բջնի» հանքային  ջրերի գործարան» ՓԲԸ-ի գույքի և գույքային իրավունքների աճուրդ-վաճառքը։  «7 օրի» հարցերին պատասխանում է Սյուքիասյանների ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը։

-Ի՞նչ հիմնավորմամբ է վարչական դատարանը կայացրել «Բջնիի»  աճուրդ-վաճառքը  անվավեր ճանաչելու որոշումը և ի՞նչ է դրանով նախատեսվում։

-Երեկ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման, հարկադիր կատարողի  արգելադրված գույքը էլեկտրոնային աճուրդով վաճառքի հանելու որոշումը վարչական դատարանը ճանաչեց անվավեր։ Որպես հետևանք, անվավեր ճանաչվեց նաև աճուրդն ու «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ  հետ կնքած պայմանագիրը։ Դատարանը հիմնավորված համարվեց մեր  այն փաստարկը, որ ընկերության գույքի գնահատված արժեքը, այսինքն այն գումարը, որով որ այն դրվել էր աճուրդի,  ավելի փոքր էր, քան պահանջի չափը։ Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. ապրանքն արժե 100 հազար դրամ, բայց պահանջը 300 հազար դրամ է, այսինքն այդ ապրանքը վաճառելով՝ հարցը չի կարգավորվում։ Այսինքն, 100 հազարով վաճառելով ամբողջ պահանջվող պարտքը չի բավարարվում։ Այս դեպքում օրենսդիրը ԴԱՀԿ Հարկադիր կատարողից  պահանջում է  կասեցնել կատարողական վարույթը և դիմել սնանկության։

-Ի՞նչ է դա նշանակում։

-Սնանկության գործընթացը ենթադրում է մյուս պարտատերերի շահերի պաշտպանության երաշխավորում, այսինքն մյուս պարտատերերը հնարավորություն են ունենում բոլոր պարտատերերի հետ միասին ներկայացնել իրենց պահանջները և բավարարում ստանալուց հետո, օրենքով սահմանված կարգով, իրենց գումարները ստանալ։

-«Բջնիի» նոր սեփականատերը գործարանը գնելիս գումարը փոխանցել է պետական բյուջե։ Այժմ այն պետք է հե՞տ վերադարձվի։

-Եթե գնորդը գումարը փոխանցել է ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին, ապա այն պետք է հետ վերադարձվի։

-Այժմ ո՞վ է «Բջնիի» սեփականատերը։

-Այս պահի դրությամբ, դե յուրե, սեփականատերը գնորդ ընկերությունն է՝ «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ-ն, քանի որ վարչական դատարանի այս վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ Եթե մեկ ամիս հետո այն չբողոքարկվի և մտնի օրինական ուժի մեջ, ապա կվերականգնվի նախկին սեփականատերը։ Կարծում եմ, որ գնորդին էլ է ձեռնտու այս որոշումը։ Բացատրեմ, թե ինչու։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն աճուրդի լոտի մեջ ներառել էր  նաև հանքային իրավունքները, այսինքն հանքաարդյունահանման իրավունքները և լուրջ սխալ էր թույլ տվել։ Ըստ հանքարդյունահանումը կարգավորող օրենքի նման հանքային արդյունահանման իրավունքների փոխանցման համար անհրաժեշտ է պետական լիազոր մարմնի թույլտվությունը, առանց դրա օրենքի ուժով  ցանկացած գործարք ոչինչ  չի նշանակում։ Մինչդեռ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը այդ թույլտվությունը չէր ստացել։ Աճուրդից հետո մենք հարցում կատարեցինք պետական լիազոր մարմնին և ստացանք պատասխան, որի համաձայն որևէ թույլտվություն չի եղել։ Այս պայմաններում ստացվում է, որ գնորդը գնել է ուղղակի անշարժ և շարժական գույք և հանքարդյունահանման իրավունք չունի։ Այսինքն նա չէր կարող հանքային ջուր վաճառել։

-Փաստորեն Դուք չե՞ք բացառում, որ Ռուբեն Հայրապետյանը կարող է և չվիճարկել վարչական դատարանի որոշումը։

-Չեմ կարող ասել. դա նրա որոշելու հարցն է։ Կարող եմ ասել միայն, որ այս որոշումը ձեռնտու էր նաև Ռուբեն Հայրապետյանին։

-Դատարանի վճիռը կարող է վիճարկել ԴԱՀԿ ծառայությունը։

-Երբ նման բողոք ներկայացվի, միայն այդ ժամանակ կարելի կլինի համապատասխան դատողություններ անել։ 

Զրույցը վարեց՝ Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը