Աշխարհ

28.03.2018 16:00


Թուրքիան չի միանա ռուս դիվանագետների արտաքսման արշավին

Թուրքիան չի միանա ռուս դիվանագետների արտաքսման արշավին

Թուրքիան չի միանա Մեծ Բրիտանիայի նախաձեռնությանը: Վերջինս իր երկրի տարածքից արտաքսել է ռուս դիվանագետներին: Պատճառը ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորումն է։ Մեծ Բրիտանիայի օրինակին են հետևել մի շարք երկրներ։ Իսկ Թուրքիայի կառավարության նիստի ժամանակ կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը նշել է.

«Դա Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի խնդիրն է։ Բրիտանիան անկախ պետություն է և ինքն է որոշում, թե որ երկրի հետ ինչ տեսակ հարաբերություն կառուցի։ Ռուսաստանն էլ ինքնիշխան և անկախ պետություն է։ Մենք ուրիշ երկրների ընդունած որոշումները նախ ուսումնասիրում ենք մեր շահերի և միջազգային իրավունքի տեսանկյունից և նոր միայն քայլեր ձեռնարկում։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև լավ հարաբերություններ են։ Թուրքիան չի պատրաստվում Ռուսաստանի դեմ որևէ որոշում ընդունել այդ հարցի շուրջ։ Թուրքիան անկախ պետություն է և ինքն է որոշում, թե ինչպես վարի իր արտաքին քաղաքականությունը»:

Մեծ Բրիտանիայի նախաձեռնությանը չեն միացել նաև Նոր Զելենդիան, Սլովակիան, Ճապոնիան, Իսպանիան, Իսրայելը։

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը