Լրահոս

11.02.2010 15:59


Հայտնաբերվել և առգրավվել է 7 կգ հերոին տեսակի թմրամիջոց

ՀՀ գլխավոր դատախազության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է  առանձնապես խոշոր չափերի «Ափիոն» եւ «Հերոին» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք:

Քրեական գործի նախաքննությամբ ի հայտ եկած տվյալների իրացման արդյունքում՝ 2010 թվականի փետրվարի 8-ին Արտաշատ-Երեւան մայրուղուց բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ քուրդ Հուսեին Մոհամանդ Ամին Կալեկանի Տազեհ Կանդը, որի գտնված ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4,750 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց: Նույն օրը ձերբակալվել է նաեւ ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Հովհաննես Դավթյանը, ում կողմից վարած ,Միցուբիշի Պաջերոե մակնիշի՝ 08ՍՏ705 պետհամարանիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 7 կգ հերոին տեսակի թմրամիջոց՝ թվով 9 հատ նկարների փայտյա շրջանակների մեջ:

Առանձնապես խոշոր չափերի՝ նշված  խմբաքանակի թմրամիջոցներն իրացնելու նպատակով ձեռք բերումը բացահայտվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ՝ Հովսեփ Տերտերյանի կողմից Երեւան քաղաքի բնակիչ Ռ.Մարտիրոսյանին, Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ Ն.Մկրտչյանի 15-ական գրամ ափիոն տեսակի թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնելու արդյունքում: Քննությամբ բացահայտվել եւ ձերբակալվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մոտ մեկ տասնյակի հասնող անձինք՝ սկսած օգտագործողներից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող խմբաքանակի իրացնողներ:

Հարկ է նշել, որ  ձեռնարկված քննչական  եւ օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է նախադեպը չունեցող քանակությամբ հերոին տեսակի թմրամիջոց, որը Հայաստան է տեղափոխվել մաքսանենգ ճանապարհով՝ Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատմամբ: Հայտնաբերված հերոին և ափիոն տեսակի թմրամիջոցների շուկայական արժեքը կազմում է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար:

Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Այս խորագրի վերջին նյութերը