Լրահոս

11.02.2010 11:45

Կստեղծվի հայ-լեհական միջկառավարական հանձնաժողով

Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը ս.թ. փետրվարի 10-ին երկօրյա այցով ժամանեց Վարշավա:

Այցի առաջին օրը տիկին Ղազինյանը հանդիպեց Լեհաստանի Տնտեսության փոխնախարար, ԵՄ-ի հետ Լեհաստանի տնտեսական համագործակցության պատասխանատու' Մարչին Կորոլեցին:

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծեցին հայ-լեհական տնտեսական համագործակցության խթանման անհրաժեշտությունը եւ միջկառավարական հանձնաժողովի ձեւաչափով այն համակարգելու կարեւորությունը: Տիկին Ղազինյանը տեղեկացրեց Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ տնտեսական համագործակցության ոլորտում ձեռք բերված համաձայնությունների մասին, որոնց խթանմանը մեծապես կարող է նպաստել ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը:

Հայաստանի ԱԳ փոխնախարարը կարեւորեց նշված ծրագրի շրջանակներում «Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի» շուրջ ընթացող բանակցությունները: Դրան ի պատասխան, Լեհաստանի Տնտեսության փոխնախարարը առաջարկեց հայկական կողմին Լեհաստանի փորձագիտական աջակցությունը փաստաթղթերի մշակման գործում:

Դրական արձագանքելով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հայկական կողմի առաջարկին, լեհական կողմն առաջարկեց այս տարվա ընթացքում Երեւանում հրավիրել հանձնաժողովի անդրանիկ նիստը' նկատի առնելով այն հանգամանքը, որ երկրորդ նիստը կարող է հրավիրվել 2011 թվականին Վարշավայում, երբ Լեհաստանը կստանձնի ԵՄ նախագահությունը:

Նույն օրը Կարինե Ղազինյանը Լեհաստանի Սեյմում հանդիպեց Լեհաստանի Սեյմի եւ Սենատի Հայաստանի Ազգային ժողովի հետ պատգամավորական բարեկամության խմբի անդամներին:

Հանդիպման ընթացքում լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը մանրամասնորեն ներկայացրեց անցած ժամանակաշրջանում խմբի կատարած աշխատանքները' կարեւորելով Հայաստանի խորհրդարանի հայ-լեհական պատգամավորական խմբի հրավերով մոտ ապագայում Հայաստան կատարելիք այցի նշանակությունը:

Կողմերն ընդգծեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի եւ Լեհաստանի պատվիրակությունների միջեւ համագործակցության սերտացման կարեւորությունը:

Փոխնախարար Ղազինյանը պատասխանեց լեհ պատգամավորների հարցերին' պարզաբանելով հայ-թուրքական հարաբերություններին, Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող խնդիրներ:

Պատգամավորական խմբի անդամները գոհունակությամբ նշեցին, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի 2010թ. Հայաստան կատարելիք այցը լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, լեհ եւ հայ ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար:

Լեհաստանի Սեյմում տեղի ունեցավ նաեւ հանդիպում ԵՄ Արեւելյան գործընկերության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Տոմաշ Լենզի հետ: Զրույցի ընթացքում կողմերը մանրամասնորեն քննարկեցին ԱԳ ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։