Լրահոս

10.02.2010 18:14


Վարդան Ղուկասյան. «Նմանվե՛ք Գյումրու քաղաքապետարանին»

Վարդան Ղուկասյան. «Նմանվե՛ք Գյումրու քաղաքապետարանին»

Այսօր Գյումրու ՀՀ վերահսկիչ պալատն արտագնա խորհրդի նիստ էր հրավիրել, որտեղ ներկայացվել են Գյումրու քաղաքապետարանում, Շիրակի մարզպետարանում, գյուղատնտեսության և առողջապահության նախարարություններում իրականացված ստուգումների արդյունքները: Նիստն աչքի էր ընկնում ոչ միայն լրագրողների ներկայացուցչական կազմով, այլ նաև մասնակիցների թվով: Խորհրդի նիստին ներկա էին ԱԺ փոխնախագահը, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ և այն ոլորտների ներկայացուցիչները, որոնց կառույցներում վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել:

Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Շիրակի մարզպետարանում և Գյումրու քաղաքապետարանում:

Շիրակի մարզպետարանում հայտնաբերված ֆինանսական խախտումները, որոնք վերաբերում են 2007-2009թթ., կազմում էին 90 մլն 799 հազ դրամ: Այս գումարից բյուջեի գանձմանն է ենթակա 78 մլն-ն:

Վերոհիշյալ խախտումները հայտնաբերվել են քաղաքաշինության, կրթության, առողջապահության, սոցծառայությունների, հողի հարկի գանձման ոլորտներում:

Իսկ Գյումրու քաղաքապետարանում ստուգումներն իականացվել են 2007, 2008 և 2009թթ. 9 ամիսների ընթացքում: Հայտնաբերված  չարաշահումները, բյուջետային միջոցների անտեղի վատնման օրինակները ևս շատ էին: Քաղաքապետարանի կառույցում վերահսկիչ պալատի աշխատանքի արդյունքում հայտնաբերված խախտումները գումարային տեսքով անցնում են 430 մլն-ի սահմանը: Այս գումարից վերականգնման  ենթակա է 278 մլն-ն:

Հատկանշական է, որ նիստին մասնակից ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը գրեթե ստանձնել էր Վարդան Ղուկասյանի պաշտպանի պարտականությունները և առիթ-անառիթ փորձում էր արդարացնել Վարդան Ղուկասյանին:

Որքան և զարմանալի է, Իշխան Զաքարյանը, թողնելով առավել մտահոգիչ չափերի հասնող խախտումները, սկսեց մեկ առ մեկ թվարկել այն նպաստառուների անունները, ովքեր իրավունք  չունեին նպաստ ստանալ, սակայն մինչև իրենց ստուգումները ստացել էին:

Նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում ստուգման ենթարկված ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց տեսակետները և հակափաստարկները:

Այս առումով հատկանշական էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պատասխանները լրագրողներին: Սկզբում Գյումրու քաղաքապետը զարմացավ բազմաթիվ լրագրողների ներկայությունից՝ դրա մեջ, բնականաբար, ինչ-որ միտում տեսնելով. «Ես 11 տարի է՝ քաղաքապետ եմ, այդքան նախագահներ եմ ընդունել, այդքան մարդ ճանապարհել, բայց այսքան լրագրող դեռ չէի տեսել: Այս առումով ես ուրախ եմ՝ ինչքան մարդիկ են մեզանով հետաքրքրվում մինչև այսօր»,- կիսահեգնական տոնով իր ուրախությունը լրագրողների հետ կիսեց Վ. Ղուկասյանը:

Իսկ երբ լրագրողների կողմից հարց հնչեց այն մասին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այն, որ Գյումրիում գործող երթուղային տաքսիների և ավտոբուսների, այսպես կոչված, «գծերը» պատկանում են քաղաքապետին և նրա շրջապատին, Վ. Ղուկասյանը պատասխանել է. «Ինչ վերաբերում է «գծերի»՝ մեզ պատկանելուն, ասեմ՝ միայն քաղաքապետարանի շնորհիվ է, որ օլիգարխների ձեռքում չեն գտնվում այդ գծերը. դրանք տրված են ժողովրդին, և այսօր մոտ 500 ընտանիքի կանչել, ասել եմ՝ եկեք ձեր տները պահեք: 11 տարի է՝ այս մարդը (իրեն մատնացույց անելով) նմանատիպ ձևերով այս քաղաքի մարդկանց այդպես է պահում և շահույթ չունի»: 

Իսկ տրանսպորտի հարկման մասով Վարդան Ղուկասյանը խորհուրդ տվեց իրեն խրախուսել. «Միակ քաղաքն է Հայաստանի Հանրապետությունում, որ տրանսպորտից գումարներ է հավաքագրում ՏԻՄ-ի բյուջե: Պետք է մեզ խրախուսեն և մնացածներին էլ ասեն՝ նմանվե՛ք Գյումրու քաղաքապետարանին»:

Նշենք, որ պետությանը հասցրած վնասները վերոհիշյալ կառույցները պարտավոր են վերականգնել մինչև սույն տարվա մարտի 1-ը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը