Լրահոս

07.12.2010 13:36


Հաշմանդամներն ունեն աշխատանքի խնդիր

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Սպիտակի երկրաշարժի և դրա ունեցած ավերիչ հետևանքների մասին'«Փյունիկ» ՀԿ-ի նախագահ Հակոբ Աբրահամյանն ասել է, թե մեր իշխանությունները պետք է երկրաշարժի հետևանքով տուժած մարդկանց հոգեբանական վիճակը վերականգնելու ծրագրեր մշակեն.

-Դա ոչ միայն տունն է, որտեղ մարդիկ պետք է ապրեն, այլ նաև այդ միջավայրն է։ Պետք է աշխատանքի, զվարճատեղերի հարց լուծվի։ Պետք է աղետի գոտում մարդկանց ինքնադրսևորման հնարավորություններ ստեղծվեն, ինչը անուշադրության է մատնված։

Ասուլիսին ներկա էին նաև «Փյունիկ» ՀԿ-ի անդամներ Գարուշ Դանիելյանը և Արթուր Գրիգորյանը, ովքեր 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով հաշմանդամ են դարձել։ Նրանք ոչ միայն կարողացել են հաղթահարել այդ հաշմանդամության հետևանքով ստացված ծանր հոգեբանական վիճակը, այլ նաև իրենց մեջ ուժ են գտել բարձրակարգ մարզիկներ դառնալու և  տարբեր միջազգային մրցույթներում Հայաստանի Հանրապետությունը պատվով ներկայացնելու համար։

-Երկրաշարժը վերքի նման մի բան է. ինքն  արդեն լրիվ լավացել է, բայց էտ սպին մնացել է։ Եվ էտ սպին երբեք չես կարող վերացնել,-ասել է Արթուր Գրիգորյանը։

Իսկ Գարուշ Դանիելյանը նշել է, որ սահմանափակ հնարավորությունների հետևանքով հաշմանդամներն այսօր ունեն աշխատանքի խնդիր, իսկ իր կարծիքով մարդը լիարժեք է միայն այն դեպքում, երբ աշխատում է և օգտակար է լինում, թեկուզ գոնե ինքն իրեն։

Այս խորագրի վերջին նյութերը