Լրահոս

14.03.2018 11:43


Պարզվել են Կենտրոնական բանկի դիմաց հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի իրական հանգամանքները

Պարզվել են Կենտրոնական բանկի դիմաց հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի իրական հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի իրական հանգամանքները: «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնված վարորդը ձերբակալվել է:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Մարիա Գրիգորյանին (ծնվ. 1943թ), որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արդյունքում պարզվել է, որ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվել է ոչ թե այն քաղաքացին, ով 2018թ. մարտի 11-ին ներկայացել էր ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին, այլ՝ մեկ այլ երիտասարդ՝ ծնված 1992թ։ Քննչական գործողությունների արդյունքում վերջինս մարտի 13-ին ներկայացել է քննչական վարչություն և հարցաքննվել։ Նույն օրը նա ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:եւ վրաերթի իրական հանգամանքները։

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը