Լրահոս

10.02.2010 12:50


Բաց նամակ Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուին

Մեծարգո պարոն նախարար

Հունվար ամսին Լոնդոնում Ձեր ունեցած ելույթների վերջում պատասխանելով  մեր' Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ ներկայացուցչի հարցերին, Դուք երկու անգամ հայտարարել եք, որ Թուրքիան չի պատրաստվում  վավերացնել հայ-թուքակական արձանանագրությունները' քանի հայերը չեն հրաժարվում 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հաստատման պահանջից և չեն պատրաստվում վերադարձնել Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմի ժամանակ արյունով ազատագրված տարածքները: Այսինքն, այն փաստը, որի վրա սևեռել էին ուշադրությունը Եվրոպայի և ողջ աշխարհի հայկական կազմակերպությունները, այն է, որ չնայած Հայաստանը հարգելով պայմանավորվածությունները չի ընդգրկել արձանագրություններում ոչ մի նախապայման, իսկ Թուրքիան' խախտելով պայմանավորվածությունը, փորձելու է ստեղծել նախապայմաններ և ցեղասպանության և երրորդ երկրի ու Հայաստանի միջև առկա խնդիրների շուրջ, այսօր ակնհայտ ճիշտ դուրս եկավ: Այսինքն Թուրքիան չի պատրաստվում ապաշրջափակելու հայկական սահմանը և չի պատրաստվում, որպես նորմալ հարևան ու եվրոպական արժեհամակարգին հարող երկիր, ստեղծելու բարիդրացիական հարաբերություններ իր կարևոր հարևանի հետ ' լուծելով հարյուրամյա տարիների ընթացքում ստեղծված պրոբլեմները: Ընդ որում, Թուրքիան այսօր փորձում է հանդես գալ որպես ժողովրդավարության ուղի բռնած երկիր, որը մեծ ամբիցիաներ ունի իր տարածաշրջանում կարևորագույն դերակատարություններ իր վրա վերցնելու հարցում:  

Մեծարգո նախարար հավատացեք, որ մոտակա շաբաթների ընթացքում, եթե Թուրքիան չվավերացնի հայ-թուրքակական արձանագրությունները, ապա համաշխարհային հասարակությունը կտա իր օբյեկտիվ գնահատականը այդ փաստին, և Եվրոպայի հայկական կազմակերպությունները առավել մեծ ուժով կշարունակեն իրենց պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում' ընդգրկելով նորանոր երկրների և ընդլայնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների աշխարհագրությունը: Ավելին, ԵՀՄՖ-ն կվերանայի  իր որոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում և կտրուկ հանդես կգա այդ անդամակցությանը դեմ:

Հաշվի առեք, չնայած մենք քաջ գիտակցում ենք, որ սահմանի ապաշրջափակումը շատ ավելի ձեռնտու է Թուրքիային քան Հայաստանին, այնուամենայնիվ ողջունում ենք 2 հարևան երկրների նախագահների կատարած քայլերը այդ հարցում և դիմում ենք Ձեզ առաջարկությամբ' չխանգարելու, այլ խթանելու սկսված զարգացումները:

Հույսով և հավատով սպասում ենք Թուրքիայի վարչապետի և ԱԳ նախարարի դրական քայլերին և տրված խոստումների կատարմանը:

Հարգանքով'

Աշոտ Գրիգորյան

ԵՀՄ Ֆորումի նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը