Հարցազրույց

09.02.2010 20:47


Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյան

Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ

-Որքանո՞վ են հեշտ համատեղելի քաղաքական գործիչ ու մայր հասկացությունները։

-Հեշտ համատեղելի չեն, բայց հնարավոր է համատեղել։ Ինչ-որ չափով ես, իհարկե, ընտանիքիցս, երեխաներիցս եմ նաև այդ ժամանակը վերցնում, կտրում իրենցից և այդ ժամանակը փաստորեն զոհաբերում եմ աշխատանքին, բայց, այնուամենայնիվ, իմ դուստրերը՝ մեծերը, ինձ բավական աջակցում են, և իրենք էլ իմ նման են. ասում են՝ աննահանջ պետք է լինեմ։ Նրանք ինձ հասկանում ու գնահատում են, նաև ամուսինս, նաև ծնողներս, նաև ամուսնուս ծնողները, հարազատները։

-Խոսենք Ձեր ընտանիքի մասին։ Որքան գիտեմ, բավական երիտասարդ տարիքում արդեն 3 դուստր ունեք։

-Մեծ աղջիկս 16 տարեկան է, միջնեկը՝ 14, փոքրիկս՝ 7։ Ամուսինս ատամնաբույժ է։

-Ապագա մասնագիտության առումով Ձեր մեծ աղջիկն արդեն կողմնորոշվե՞լ է։ Արդյոք մայրիկի ուղի՞ն է ընտրել։

-Այո՛, ընտրություն կատարել է. սովորում է Ֆրանսիական համալսարանում, իրավաբան է ուզում դառնալ։ Կարծում եմ՝ կստացվի, որովհետև շատ եռանդով է սովորում, և ասում է, որ իրավաբան, փաստաբան դառնալու ցանկությունն ունի։

-Ձեր մտերիմները մտավախություններ չունե՞ն. Ձեր քաղաքական գործունեությունը շատ բուռն է ու նաև որոշ դեպքերում՝ շատ սուր քննադատությունների է արժանանում։ Այդ դեպքում իրենց արձագանքն ինչպիսի՞ն է լինում։

-Իհարկե անհանգստանում են. դա բնական է, և եթե ես էպիկենտրոնում եմ, հնարավոր է՝ բաներ կան, որ այդքան չեմ զգում, բայց իրենք կողքից ավելի շատ են մտահոգվում։

-Հատկապես Հայաստանում շատերը սահմանափակվում են մեկ զավակ ունենալով։ Դուք արդեն չորրորդին եք պատրաստվում լույս աշխարհ բերել։ Ինչպե՞ս որոշեցիք գնալ այդ քայլին։

-Իմ պատկերացմամբ՝ ընտանիքը պետք է մեծ լինի, երեխաները շատ լինեն ընտանիքում, և ես դա միշտ ցանկացել եմ։ Մեր ընտանիքում 3 երեխա ենք եղել, ես միջնեկն եմ։ Կարծում եմ, որ լավ է, երբ ընտանիքը մեծ է, և դա է նրա հարստությունը։ Ամեն մի երեխայի ծնունդ նոր կյանք, նոր զգացմունքներ, նոր ապրումներ է իր հետ բերում, այդ պատճառով էլ որոշեցի, հատկապես որ այս է մեր իրականությունը և աշխատանքային միջավայրը, նկատի չունեմ իմ անմիջական գործընկերներին՝ «Ժառանգություն» խմբակցության անդամներին, այլ ընդհանուր առմամբ քաղաքական գործիչների այս շրջապատը և այլն...միշտ ցանկացել եմ, պարզապես դա նաև կարծես խթան էր։ Մի պահ կար, որ ներգրավված էի գործերի մեջ, ասում էի՝ այս մի գործն էլ ավարտեմ, պետք է արդեն անցնեմ այս փուլին, բայց հետո մտածեցի, որ, միևնույն է, ժամանակն անցնում է, և շատ կարևոր է երեխա ունենալը։

-Կարելի՞ է ասել, որ քաղաքական այս տաղտկալի համակարգում մի լուսավոր կետ եք փնտրել։

-Այո՛, նաև դա։

-Քանի որ 3 աղջիկ ունեք, նորածնի սեռը Ձեզ համար նշանակություն ունի՞, կցանկանայիք, որ աղջի՞կ, թե՞ տղա ծնվեր։ Եվ նաև անունն արդեն որոշե՞լ եք։

-Անունը դեռ չենք որոշել։ Իսկ մեր ընտանիքում, իհարկե, տղա են ցանկանում, դե որ բոլորը ցանկանում են, ես էլ եմ ցանկանում, բայց առաջին հերթին ուզում եմ գրկել իմ բալիկին։

-Ասում եք, որ ընտանիքը մեծ պետք է լինի։ Հնարավո՞ր է, որ 5-րդ զավակն էլ ունենաք։  

-Ոչինչ չի բացառվում։

-Արդեն պլանավորե՞լ եք՝ ով է խնամելու նորածնին, ինչպե՞ս եք Ձեր աշխատանքային գրաֆիկը կազմելու։

-Ես ինքս եմ ուզում խնամել, բայց ամեն դեպքում, իհարկե, կարիքն ունենալու եմ, որ ինձ օգնեն։ Ե՛վ մայրիկս, և՛ սկեսուրս համաձայն են ինձ օգնել, այնպես որ երևի այդ հարցը հեշտությամբ կլուծվի։ Շուտով՝ ապրիլի սկզբին եմ ունենալու երեխային, պատգամավորական աշխատանքին դեռ չի խանգարում, դեռ լուրջ խոչընդոտների չեմ հանդիպել։

-Այսինքն, չեք դադարեցնի քաղաքական աշխատանքը։

-Հավանաբար։

-Ի՞նչ կմաղթեք ապագա մայրերին և այն կանանց, ովքեր երեխա ունենալու մտադրություն ունեն, բայց սոցիալական ու ինչ-ինչ այլ խնդիրներից ելնելով՝ կասկածում են։

-Թող լինեն համարձակ։ Ամեն մի երեխա իր հետ նոր կյանք և նոր հաջողություններ է բերում։ Իհարկե, մեր իրականության մեջ շատ դժվար է սոցիալապես անապահով վիճակում երեխաներ ունենալ, բայց իմ տատիկը, ով Ցեղասպանությունից էր փրկվել՝ Վանի կոտորածներից, ուներ 6 երեխա, որոնցից 2-ը ծնվել են Սիբիրում ստալինյան աքսորի ժամանակ։ Ինքը միշտ լավատեսորեն էր մտածում։ Կյանքն այսպես չի մնալու և փոխվելու է։ Հատկապես նորաստեղծ ընտանիքների համար շատ դժվար է, բայց, այնուամենայնիվ, պետք է մենք շատ երեխաներ ունենանք։ Թող չվախենան ու հավատով լցված լինեն, որ, միևնույն է, փոխելու ենք, և ամեն մեկն իր ընտանիքի մեջ երջանիկ է լինելու, ոչ թե լծված են լինելու սոցիալական հոգսերին, և երեխան իրենց համար բեռ է։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը  

Այս խորագրի վերջին նյութերը