Լրահոս

09.02.2010 18:03


Կառավարության որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել Մարալիկի շրջանում

Կառավարության որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել Մարալիկի շրջանում

Շիրակի մարզի Մարալիկի հիվանդանոց ՓԲԸ-ն ՀՀ կառավարության որոշմամբ հուլիսից վերափոխվելու է ու գործելու է որպես պոլիկլինիկա: Սակայն սահմանված  ժամկետից 5 ամիս առաջ Շիրակի մարզպետարանն ու առողջապահության վարչությունը որոշել են փակել հիվանդանոցի թերապևտիկ և վիրաբուժական բաժանմունքները՝ 17 բուժաշխատողներով:  Տարօրինակն այն է, որ վերոհիշյալ բաժանմունքները փակվել են հոսպիտալիզացված հիվանդներով:

«Չի կարելի անտեսել այս ամբողջ շրջանի ժողովրդին: Այս որոշման հետ միաժամանակ պետք է մի նոր որոշում հանեն, որ շրջանի ժողովուրդը ոչ հիվանդանա, և ոչ էլ ճանապարհատրանսպորտային դժբախտ դեպքեր լինեն: Թող նման որոշում հանեն, հետո նոր հիվանդանոցը փակեն»,- կառավարությանը խորհուրդ է տալիս Մարալիկի հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ Գրիգոր Խաչատուրյանցը:

Իսկ ձորակապցի բուժաշխատողներից  մեկը տեղեկացրեց, որ իրենք որոշել են մինչև վերջ գնալ. «Մենք պատրաստ ենք նույնիսկ ճանապարհը փակել։ Ամբողջ գյուղով պատրաստ ենք այդ քայլին: Այս ամենն անում ենք, որ աշխատանք ունենանք, և հիվանդանոցը չփակվի: Կառավարության որոշումը մեզ համար անակնկալ էր»,-ասում է ձորակապցի բուժաշխատողը:

Բուժաշխատողներից Հռիփսիմե Վարդանյանը կարծում է, որ բացի աշխատատեղերի կրճատումից կառավարության այս քայլը նաև արհամարհական վերաբերմունք է Մարալիկի շրջանի հանդեպ. «Ինչո՞ւ են այս շրջանի հանդեպ նման արհամարհական վերաբերմունք ցուցաբերում, որ հիվանդանոց չունենա»:

Բուժաշխատողների բողոքի ալիքը, որին միացել են տվյալ շրջանի բազմաթիվ բնակիչներ, գործընթացը կասեցրել է մինչև սույն տարվա ապրիլ ամիսը: Մարզպետարանը հիվանդանոցին  ժամանակ է տվել՝ մարելու անցած տարվա ընթացքում գոյացած պարտքերը և արդարացնելու իրենց հետագա աշխատանքը:

Կառավարությունը Մարալիկի հիվանդանոց ՓԲԸ-ն փակելու մասին որոշումը հիմնավորում է հիվանդանոցի թերծանրաբեռնվածությամբ, ինչը շատ բուժաշխատողների կարծիքով իրականությանը չի համապատասխանում:

Ի դեպ, վաղն աշխատանքային այցով Շիրակի մարզ է այցելելու ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը