Լրահոս

09.02.2010 15:41


Գ. Ամալյան. «3 գրավոր նախազգուշացումները լրատվամիջոցին լիցենզիայից զրկելու հիմք կարող են հանդիսանալ»

Գ. Ամալյան. «3 գրավոր նախազգուշացումները լրատվամիջոցին լիցենզիայից զրկելու հիմք կարող են հանդիսանալ»

-Չեմ կարծում, թե ծայրահեղական են եղել չափորոշիչները։ Մյուս կողմից նաև չեմ կարծում, որ խիստ վախվորած են եղել,-«Հենարան» մամուլի ակումբում հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը՝ ընդգծելով, որ այդ չափորոշիչները սահմանված են այն մոտեցմամբ, թե ի՞նչ չէինք ուզենա, որ տեսնեին երեխաները։

-Առաջին գործընթացը չէ, որտեղ մենք տեսնում ենք, որ այնքան ժամանակ, քանի դեռ հեռանկարում չի երևում պատժամիջոցը, հեռուստաընկերությունները գործում են շատ ազատ։ Ես, իհարկե, պետք է ներողություն խնդրեմ շատ հեռուստաընկերություններից, բայց երբեմն տպավորություն է ստեղծվում, թե մենք գործում ենք այսպես ասած նարկոբիզնեսի հետ։ Այսինքն՝ ես գիտեմ, որ շատ վատ բան է ուրիշի երեխայի համար, բայց դա ինձ փող է բերում, և դրա համար ես այդ այլանդակությունը հեռարձակում եմ,- ասել է Գ. Ամալյանը։

Ի դեպ, այդ չափորոշիչներով արգելվում է մինչև ժամը 24։00-ն պատմական իրողությունները և ներկա իրականությունը ներկայացնել խեղաթյուրված, ոչ համարժեք։ «Այսինքն՝ 24։00-ից հետո պատմական իրողություններն ու ներկա իրականությունը կարելի է խեղաթյուրվա՞ծ ներկայացնել»,-ՀՌԱՀ նախագահին հարցրել են լրագրողները.

-12-ից հետո կարելի է։ Ինչո՞ւ. որովհետև 12-ից հետո քո հեռուստալսարանն արդեն չափահաս և ձևավորված մարդիկ են, որոնք շատ լավ կարող են տարբերել՝ սա՞ է իրենց իրականությունը, թե՞ ոչ,- պատասխանել է Գ. Ամալյանը,- չափահասներն իրենք լավ գիտեն՝ ապրում են, ենթադրենք, այլմոլորակայինների հետ համատեղ մի երկրո՞ւմ, թե՞ իրենք ապրում են իրենց պես մարդկանց հետ, այդ այլմոլորակայիններն էլ ստեղծագործական հնարք են։

Գ. Ամալյանը նաև տեղեկացրել է, որ այս չափորոշիչները, որպես գործող նորմատիվ պահանջ, վատագույն դեպքում 1 ամսից կկիրառվեն։ 3 գրավոր նախազգուշացումները լրատվամիջոցին լիցենզիայից զրկելու հիմք կարող են հանդիսանալ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը