Լրահոս

03.03.2018 19:08


Կապանի լեռնահարստացման կոմբինատից 2 հոգու՝ ծայրահեղ ծանր, իսկ 1 հոգու՝ մահացած, տեղափոխել են հիվանդանոց

Կապանի լեռնահարստացման կոմբինատից 2 հոգու՝ ծայրահեղ ծանր, իսկ 1 հոգու՝ մահացած, տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն» ախտորոշմամբ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի, «Շահումյանի» հանքախորշից իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ՝ 54-ամյա Պողոս Ալեքսանյանը, Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ՝ 48-ամյա Կարո Կարապետյանը, իսկ մահացած վիճակում՝ Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Մարտիրոսյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց Կապանի լեռնահարստացման կոմբինատի ստորգետնա հանքից դուրս են բերել լեռնափրկարարական ջոկատից ժամանած լեռնափրկարարները, որից հետո վերջիններս «էկզոգեն թունավորում՝ միջին ծանրության» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։

Փաստի առթիվ Ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում՝ որպես ապարաբարձիչ մեքենավարի վարորդ, իսկ Պ. Ալեքսանյանը՝ «Մուազ»-ի վարորդ, իսկ Կ. Կարապետյանը՝ լեռնային վարորդ։ Թե ինչն է եղել նման դեպքի պատճառը, դա պարզ կլինի նախաքննության ընթացքում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը