Լրահոս

27.02.2018 14:13


BMW X5-ը վրաերթի ենթարկվածին հիվանդանոց տեղափոխելիս՝ վթարի է ենթարկվել և մի քանի պտույտ գլխիվայր շրջվել

BMW X5-ը վրաերթի ենթարկվածին հիվանդանոց տեղափոխելիս՝ վթարի է ենթարկվել և մի քանի պտույտ գլխիվայր շրջվել

Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի Նորապատ գյուղի վարչական տարածքի Աբովյան փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ վթարի է ենթարկվել BMW X5 մակնիշի 99 XX 996 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, որից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, իսկ մեկին՝ Արմավիրի շտապօգնության հերթապահ խումբը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարված BMW X5-ի վարորդը մեկ այլ՝ ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացուն տեղափոխելիս է եղել հիվանդանոց, երբ վթարը տեղի է ունեցել: Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են նաև վրաերթ կատարած ավտոմեքենան:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ВАЗ 2106 մակնիշի 34 FՍ 747 համարանիշի ավտոմեքենան վարել է 44-ամյա Տիգրան Գալստյանը, ով ժամը 22։20-ի սահմաններում Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 112 տան դիմաց վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 56-ամյա Արտաշես Մովսիսյանին, որից հետո ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ վրաերթի ենթարկվածին առանց օգնություն ցուցաբերելու դիմել է փախուստի։ Որոշ ժամանակ անց Բամբակաշատ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արարատ Հարությունյանը իր վարած BMW X5 մակնիշի 99 XX 996 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին Արմավիրի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին՝ Նորապատ գյուղում, վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով Ա. Հարությունյանը, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 51-ամյա Հրաչյա Կարապետյանը և «06»-ի կողմից վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։

Գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում «06»-ի վարորդ Տ. Գալստյանը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Արմավիրի բաժին։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը