Կարծիք

08.02.2010 18:03


Հասարակությանը մատուցվող արժեքների հոգեբանական ազդեցության առանձնահատկությունները

Հասարակությանը մատուցվող արժեքների հոգեբանական ազդեցության առանձնահատկությունները

«Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց արժեքները կփոխենք կեղծերով  եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման կամ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկերեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության սադիզմի, դավաճանության, այլ խոսքով' ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կխրախուսենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն եւ հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ' նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու...»:

Հայաստանյան ներկա  իրականության մեջ այս ամենը կարծես հստակ գործողության մեջ դրված եւ հաջողություններ ամրագրող դիպաշար է: Դիտարկելով ցանկացած ոլորտ, ցանկացած բնագավառ' կտեսնենք «լղոզված» արժեքներ, խրախուսվող «կեղծիք», իսկ  «ցավին» վարժվելու վտանգն արդեն «հաղթահարվում» է, հասարակությունը հանդուրժողականություն է ձեռք բերում մի շարք բացասական երեւույթների նկատմամբ, որոշ բացասական երեւույթներ էլ կարծրատիպեր են դարձել:

Սկսած 2008-ի փետրվարից (գուցեեւ ավելի վաղ)' ծավալված քաղաքական իրադարձությունների հենքում  կատարվում է յուրատեսակ «մարդաորսություն» եւ «հոգեորսություն»: Իշխանություն-ընդդիմություն հակադրության մեջ ամենասարսափելի երեւույթը  խնդիրների անձնային-հոգեբանական կողմն է, հոգեբանորեն «տուժածներն» են. մի բան է, երբ մարդը գաղափարական-քաղաքական համակրանքով կանգնում է որեւէ նախընտրած թեկնածուի  կողքին, եւ այլ բան է, երբ իշխանությունը պատրաստ է  ցանկացած լծակ' ամենաթույլից ամենաուժեղ, գործնականից'  անձնական,  գործածել' տվյալ անձնավորությանն իր քաղաքական հայացքների համար որպես անձ նսեմացնելու, ստորացնելու եւ հոգեբանորեն «ոչնչացնելու»: Դատական համակարգում բոլորին ակնհայտ իրողություն են քաղաքական բանտարկությունները եւ դրանց հաջորդած դատական բեմադրությունները'  մարտի 1-ի գործով: Եվ «թատրոնը» շարունակվում է ամենապարզունակ ձեւերով, միջոցներով, մարդկային հոգու ստորացման փորձերով, մինչեւիսկ ներում շնորհելը' ներման խնդրագիր ներկայացնելու դեպքում միայն: «Տպավորություն կա, որ ՀՀ նախագահը պատրաստ է ներում շնորհել այն անձանց, ովքեր կխոստովանեն իրենց մեղքը, շատ դեպքերում' չկատարած մեղքը»:

 Նույն ձեռագիրը գործարարության ոլորտում է եւ բոլոր մյուս բնագավառներում: Ավելի սարսափելի են կորստի, վախի զգացման, անապահովության, ճնշվածության հոգեվիճակներով պայմանավորված հասարակության հոգեկան առողջությունը եւ հետեւանքները: Մինչդեռ խնդիրն ազգային, պետական ռազմավարական հարցերի  շարքից է. ժողովրդի, հասարակական ,առողջե ուժի ճնշմամբ' սպառնացող մարտահրավերների առկայության պայմաններում ինչպե՞ս է ազգը  պաշտպանվելու, նույն  ,մարտիկըե, որը հոգեբանորեն ,հալածված էե, ի վիճակի՞ է (ցանկության դեպքում էլ) պահպանել սահմանները կամ մարտի գնալ:

Դիտարկենք արժեքային մեկ այլ ,PR-մատուցումե. ողջ քաղաքը 2007-2008թթ ողողված էր «ռազմատենչ»' «Իմ զենքը...» պաստառներով' «Իմ զենքը իմ բռունցքն է», «Իմ զենքը իմ երգն է» եւ այլն: Միտումը միգուցե ավելի բարի է, քան այն,  ինչ ստացված է, իսկ ստացված է բավականին ագրեսիվ ծանոթության փորձ մշակութային «էլիտայի» հետ: Երկիր ժամանած ցանկացած հյուրի նման «ոչ խաղաղասեր» PR կերպարով ներկայանալով' ի՞նչ ենք ցանկանում խարսխել, որ ձերբազատվել ենք «սգող, թշվառ» կերպարից եւ «ինքնահաստատվում ենք տարածաշրջանո՞ւմ» կամ գուցե' սեփական ժողովրդի մեջ: Ուրեմն, զարմանալու խնդիր չկա, երբ արեւմտյան քաղաքական գործիչներն արտաբերում են այնպիսի գնահատականներ, ինչպիսիք են «հայերի կողմից զավթված տարածքներ» արտահայտությունը, եւ կա միտում զարգացող կարծրատիպի' զավթիչ, ագրեսոր: Թեեւ «դրսից հյուրերին» դժվար է բացատրելը, որ դա ներքին քաղաքականության մեջ ուղղորդված, զարգացող կարծրատիպ է եւ արտաքին քաղաքականության մեջ «զիջումային» տարբերակների հետ առնչություն չունի: Թվում է' ոչ մի կապ չունի իրական, բանական քաղաքականությունը անիմաստ պաստառների հետ, սակայն, երբ կերտում են կերպար, պետք չէ մոռանալ ենթագիտակցական ազդեցության մասին, անգիտակցական տպավորությունների մասին, եւ այն ողջ ,էներգետիկայիե մասին, որն ուղղորդելու է գիտակցությանը:

«Արժեքների» լայնածավալ եւ բովանդակային  մատուցումը կատարվում է հեռուստատեսության միջոցով, մասնավորապես' նոր նկարահանված եւ նկարահանվող հայկական հեռուստասերիալների:  

Հեռուստասերիալային թեմայի քննարկումները  բավականին լուրջ եւ արդի լինելով հանդերձ, հանրության ուշադրությունը գեթ մեկ պահ բեւեռեցին  իրենց  վրա: Եթերը հիմա հեղեղված է ոչ միայն օտար հեռուստասերիալներով, այլ նաեւ' տեղական: Լավ է, վատ է, որակով է, անորակ է' խնդիրը միանշանակ չէ. հաշվի առնելով, որ ամեն արվեստ, աշխատանք ունի իր սկիզբը, իր տեսակի մեջ էլ համապատասխան սկիզբ, ապա հասարակությունը  ներողամիտ է որակական կողմի եւ հնարավորությունների սահմանափակության հանդեպ: Նաեւ հնարավորություն է դերասաններին «ներգրավել», դերասանական օժտվածությամբ նոր կադրեր հայտնաբերել, եւ միգուցե կոտրել հեռուստասերիալների միօրինակությունը' բեմադրելով սեփական հասարակության կյանքի յուրահատկությունները:  Միգուցե հնարավորություն է  տրվում որոշակիորեն էլ հոգալ իրենց ապրուստը: Սա' ողջունելի կողմը, իսկ ինչ են ցուցադրում, քարոզում կամ մատուցում հայկական հեռուստասերիալները ուսուցողական, արժեքային տեսակետներից: Դրանց հերոսները հիմնականում հանցագործ, քրեական աշխարհի ներկայացուցիչներ են' տարբեր աստիճանակարգով, տարբեր հանցանքներ կատարած «կոլորիտային» կերպարներ: Եվ, ամենակարեւորը,  եթե հեռուստասերիալների առանցքն են կազմում այդ շերտի ներկայացուցիչները, բնականաբար, ֆիլմի «դրական» հերոսը, հերոսականը այդ տեսակի մեջ է, այդ տեսակից է ընտրված: Ինչպես ցանկացած այլ հեռուստասերիալային էֆեկտ, երկարաժամկետ «գոյությունը» էկրաններին' հասարակության «կյանքում» ենթադրում է որոշ կերպարների խրախուսում, ռոմանտիկացում մինչեւ անգամ կուռքի աստիճան: Այստեղ արդեն ծագում է գլխավոր հարցը, իսկ ի՞նչ հատկանիշներով եւ գործողություններով են առանձնանում «դրական», բայց քրեական կերպարները. հոգեբանորեն նորմալ երեւույթ  չէ հանրայնորեն տարածել եւ աղավաղել «դրական» կոչվող, սակայն հանցագործ կերպարներ, ժամանակի ընթացքում այդ երկու բառերով կազմված արտահայտության, բառակապակցության էությունը,  երկու երեւույթները կարող են միասին ընկալվել եւ  ենթագիտակցորեն նորմալ համարվել հասարակության համար: Այսինքն' արվեստից եւ աշխատանքից դուրս դա իհարկե քաղաքականություն է, քարոզչության բավականին ազդեցիկ ու ճկուն տարբերակ: Անհեթեթությունն այն է, որ Հայաստանում քաղաքական խիստ «գրաքննության» պայմաններում հասարակ մարդը իր քաղաքական համակրանքի, հայացքների համար կարող է դատապարտվել, իսկ երբ շատ հանգիստ խեղաթյուրվում են ազգի հոգեկանը, արժեքային համակարգը' ոչ ոք պատասխանատու չէ, իսկ միգուցե դիտմա՞մբ է արվում:

 Երբ հեռուստատեսությամբ ցուցադրվում է օտար մշակույթը' իր հետաքրքիր, դրական, բացասական, ախտածին կողմերով, դրա ,անմիջականե ազդեցիկության մակարդակը ցածր է: Երբ ցուցադրվում է ,հայկական ախտըե եւ ներկայացվում է որպես «է»' «գոյություն ունեցող», որպես ինքնըստինքյան այդպիսին, ապա գործում է ազդեցիկության այլ աստիճան, եւ ծագում են ազգային, պետական անվտանգության խնդիր պարունակող բազմաթիվ հարցեր: Օտար հեռուստասերիալների հերոսները,  գործողություններն ու արժեքները ինքնըստինքյան անցնում են անձի ենթագիտակցական, գիտակցական  «պրիզմայով». անձն իր ներսում այն կամ «անձնայնացնում» է կամ' ոչ: Իսկ հայկական սերիալների հերոսականն ու նվաստացուցիչը միանշանակ չեն, անձն իրեն կարող է ,տեսնելե երկուսի մեջ էլ, եւ քանի որ չկա ֆիլմի արժեքը, այսինքն' բացակայում է գեղարվեստորեն բաժանումը, «սահմանը»' «լավի» եւ «վատի»,  ապա  ոչ միայն ուսուցողական չեն, այլ նաեւ խեղաթյուրող բովանդակություն ունեն:  Երբ ամերիկյան կամ իտալական մաֆիաների, կամ հանցագործ խմբավորումների մասին ֆիլմում դրվագ  է' սեւ ու շքեղ մեքենաներով հավաքվում են որեւէ փողոցում  ու հարցեր լուծում, նաեւ զենքի միջոցով, դա ուշագրավ եւ հետաքրքիր կարող է դիտվել: Սակայն երբ նույն դիպաշարը ներկայացնում են հայկական սերիալներում' դա առնվազն տրավմատիկ կարող է լինել, հատկապես այդ ժանրը նախընտրող տարիքային ցենզի համար. երկիրը, քաղաքը բավականին փոքր են, եւ  երբ նկարվում է, օրինակ, երեւանյան որեւէ հայտնի փողոցում նույն պատկերը, գրեթե բոլորին այն ծանոթ կարող է լինել: Ֆիլմի դիտումից հետո քաղաքային կոլորիտը, ոճը նույնն են, այսինքն' շքեղ սեւ մեքենաների առկայություն, սեւ կոստյումներով տղամարդիկ, ինչու չէ նաեւ Հայաստանում բավականին մոդայիկ դարձած թիկնապահ խմբեր, եւ այդ հատվածով անցնելիս ենթագիտակցական վախի, անպաշտպանվածության, թերարժեքության զգացում' «անհայտ պատճառներից» մինչեւ ֆոբիաներ: Բոլորին էլ հայտնի է' անպատժելիության մթնոլորտը, պարտադիր չէ նույն այդ սերիալներից բացահայտել այն, ուղղակի կամ անուղղակի ներկայացնելով' առավել ընդգծում են որոշակի շերտեր եւ դրանց արժեքները, որոնցով նվազագույնը անհանգստության զգացում են սերմանում:

 Մտահոգիչ է լեզվի աղավաղումը' բնականաբար ըստ կերպարների, սակայն ընդգծված  ժարգոնային լեզվից բացի, բոլոր մյուս առավել □քաղաքակիրթ□ կերպարները եւս աչքի են ընկնում ,թափթփվածե լեզվաոճով: Եթե անգամ իրականությունն  այդպիսին է, հոգեբանական որեւէ առավելություն չկա այդպիսի իրականությունը ներկայացնելու, դա պիտի լինի պետական մակարդակով ռազմավարություն, մարտավարություն' իրական արժեքների վերհանման եւ ներկայացման հնարավորություն, այլ ոչ աղավաղում: Վատն ընդօրինակելն ավելի մատչելի է, ինչպես նաեւ ավելի հասկանալի եւ հասարակ:

 Եթե  ոմանք  կարծում են, որ սա համընդհանուր զարգացման եւս մի յուրօրինակ փուլ է, որով հասարակությունը պիտի անցնի, ապա մոռանում են  գալիք սերնդի վրա այդ «արժեքների» թողնելիք դրոշմը' «լղոզված արժեքներով» «լղոզված պետությամբ»:  Եվ եթե իրականությանը մոտ են, օրինակ, ֆիլմերն իրենց հերոսներով, եւ երբ ստեղծողները պատճառաբանում են, որ իրականությունն են մատուցում, դա չի նշանակում, որ հասարակական  «պահանջմունք»  է այսօրվա այս կամ այն սոցիալական շերտի բնութագրում-ներկայացումը, եւ ապա չի նշանակում, որ «պահանջմունքը»  թելադրված է հասարակության կողմից: 

 Առավել մտահոգիչն իհարկե հոգեկանն է, հոգեկանի խնդիրը:  Հայաստանում անձը ցանկացած ընտրության սահմանափակություն ունի, դա նաեւ վերաբերում է քարոզվող ցանկացած ,ապրանքիե, եւ կամա թե ակամա բարձրաճաշակ, նրբաճաշակ քաղաքացին էլ ապահովված չէ իր վրա անցանկալի ազդեցություններից: Ըստ Լեբոնի,  «նոր գաղափարները երբեք չեն հաստատվում իրենց ճշմարտացի լինելու համար: Նրանք հաստատվում են միայն այն ժամանակ, երբ անընդմեջ կրկնության եւ զանգվածների ենթագիտակցությունը «վարակելու» միջոցով դառնում են մեր պահվածքի շարժիչ ուժը: Մարդկանց համոզելը չի ենթադրում, որ դուք պետք է անպայմանորեն ապացուցեք ձեր իրավացիությունը, այլ ուղղակի անհրաժեշտ է այնպես անել, որ նրանք գործեն ըստ ձեր ուզածի»:

Սփռված քաոսի մեջ «արմատանում» են հիմարությունը, անսկզբունքայնությունը, «ստրկամտությունը». կաշառակերությանն ու անարդարությանը աճող սերունդը ծանոթանում է դեռեւս դպրոցից, իսկ ազնվությունն ու օրինավորությունը անօգնական վիճակների «երաշխիքն» են:

Հակակշիռ արժեքներ պիտի ունենա հասարակությունը նորերին ,դիմակայելուե համար. իրականության մեջ այն դեռեւս աղավաղված է եւ տարերայնորեն խառնված. առավել առողջ «հոգեկան» եւ առողջ հոգեբանությամբ սերունդ ունենալու համար' խնդիր կա վերհանելու  եւ զանգվածային ներկայացնելու, տարածելու գոյություն ունեցող  իրական արժեքները:

Արմինե Ղազարյան

Ռազմավարական և ազգային հետազոտությունների

հայկական կենտրոնի փորձագետ

Այս խորագրի վերջին նյութերը