Տնտեսական

08.02.2010 15:06


Արծվիկ Մինասյան. «Այս նախագիծը չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ»

Արծվիկ Մինասյան. «Այս նախագիծը չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ»

Այս քառօրյայի ընթացքում կառավարությունն Ազգային ժողով էր ներկայացրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկում էր ավելացնել տեղական հարկերը։ Սակայն կառավարության ներկայացրած այս փաթեթը բուռն քննարկումների տեղիք տվեց ոչ միայն ընդդիմադիր, այլև կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերի կողմից։

Առաջարկվում է 10 հարկատեսակ, որոնցից երկուսը՝ հողահարկն ու գույքահարկը, գործում են որպես համայնքներին տրված պետության լիազորություններ։ Նախագծով առաջարկվում է, որ դրանք դառնան համայնքի պարտադիր լիազորություն, և բացի դրանցից ավելացվում է 8 հարկատեսակ, որոնք, ԱԺ ֆինանսավարկային  և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանի խոսքերով, միայն անվանումներով է, որ այս նախագծով  ներկայացվում են։ Նա նշել է, որ ՀՅԴ առարկությունները բխում էին հետևյալ հիմնական ուղղություններից՝ առաջին հիմնավորումը՝ տնտեսական, երկրորդը՝ սոցիալական դրդապատճառ և հետևանքներ, երրորդը՝ տարածքային համաչափ զարգացման համատեքստում ազգաբնակչության տիրապետող ռեսուրսների ճիշտ օգտագործում և վերջապես քաղաքական ուղղվածություն։

-Մեր խորին համոզմամբ՝ այն տեսքով, ինչ տեսքով, որ ներկայացված է այս նախագիծը, չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ։ Համենայնդեպս, այն, ինչ մակերեսային ձևով ներկայացվում է, սրա հիմքում արդարացված կլինեն մեր հիմնավորումները, որ հարկային այս քաղաքականությունը բերելու է սեփականության նոր վերաբաշխման հնարավորության ընձեռմանը, մյուս կողմից ուժեղացնում է անբարեխիղճ համայնքի ղեկավարների դիրքերը, թուլացնում բարեխիղճներին և այլն,- ասել է Արծվիկ Մինասյանը։

Նա նշել է, որ նախագիծը նաև իրավական առումով չի դիմանում որևէ քննադատության։ Նրա կարծիքով կառավարությունն այս նախագծով իր հերթական չմշակված և խոր վերլուծության չենթարկված քայլն է կատարում։ ՀՅԴ-ն պահանջում է, որ առաջիկայում փաթեթը հայեցակարգի մակարդակով լուրջ քննարկման առարկա դառնա։

Որպես օրինակ՝ Արծվիկ Մինասյանը նշել է «վաճառքի հարկ» հասկացությունը, որի բացատրությունը չկա։ Անավարտ շինարարության կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի հարկը չպետք է հարկման մակարդակով իրականացվի, քանի որ գործունեություն չկա, սակայն գումար է գանձվում։ Գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկը ևս տարօրինակ է Ա. Մինասյանի համար, քանի որ հասկանալի է, որ մեծահարուստներն իրենց հողերի մշակման խնդիր չունեն։ Ինչ վերաբերում է հանրային տարածքների զբաղեցման հարկին, Ա. Մինասյանը նշել է, որ երբ բացատրությունը չկա, չի կարելի մեղադրել, եթե այդ հարկատեսակը կապակցվի քաղաքական ենթատեքստի հետ։ Նրա կարծիքով մասնավորապես վերջին հարկը կարող է գանձվել ժողովներ, հանրահավաքներ անկացնելու դեպքում, և այնքան բարձր կարող է լինել, որ տանի քաղաքացիների կողմից իրենց ՍԴ իրավունքի չիրականացմանը։

-Նման ենթադրությունների համար հիմք կա։ Պատահական չէ՝ թեև Ազգային ժողովի հորդորը կառավարությունն ընդունեց, և քննարկումները 15 օրով հետաձգեց, բայց ես կարծում եմ, որ 15 օրն էլ բավական քիչ է, և այս փաթեթն ամբողջությամբ վերակառուցման անհրաժեշտություն ունի,- ընդգծել է Արծվիկ Մինասյանը։

 Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը