Լրահոս

08.02.2010 14:41


Հայկական մարտունակ բանակն առաջին զսպիչ ուժն է, որ հայ–ադրբեջանական ճակատում ռազմական գործողություններ չեն սկսվում

Հայկական մարտունակ բանակն առաջին զսպիչ ուժն է, որ հայ–ադրբեջանական ճակատում ռազմական գործողություններ չեն սկսվում

««Ֆուտբոլային» դիվանագիտությունն, ի վերջո, չի՞ հանգեցնի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսմանը» «7օր»-ի հարցին «Նորավանք» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը պատասխանել է.

-Ռազմավարական առումով Թուրքիայի միջամտության խնդիրն, անշուշտ, մեծանալու է, եթե նա ներգրավվի Հարավային Կովկասի քաղաքական գործընթացներին։ Մյուս կողմից նաև հայկական կողմը դրանով ամրագրում է Թուրքիայի չեզոք դիրքորոշումն այդ խնդրում, քանի որ Թուրքիան փաստացի պատերազմող կողմ էր ԼՂ-ի հակամարտության տարիներին, որովհետև տրամադրում էր վարձկաններ, և գլխավորը՝ բարձր ռազմագիտական խորհրդատվություն էր տալիս Ադրբեջանին։ Մենք դրանով ինչ-որ չափով կչեզոքացնենք նրա դիրքորոշումը։ Թուրքիայի միջոցները, լծակները՝ ազդելու ղարաբաղյան հակամարտության գործընթացի վրա, չեն աճելու, և չեմ կարծում, որ դա հենք կամ մոտիվ հանդիսանա, կամ ինչ-որ մի տեղ դրդի, որպեսզի Ադրբեջանը պատերազմական գործողություններ սկսի ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Գ. Հարությունյանը նաև կարծում է, որ երբեք չպետք է բացառել պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, բայց միևնույն ժամանակ փորձագիտական տեսանկյունից դրա հավանականությունը մեծ չի համարում ոչ միայն որ արտաքին դերակատարները շահագրգռված չեն այդ խնդրում, այլ առաջին հերթին նրա համար, որ հայկական բանակն է մարտունակ.

-Չլիներ այդ բանակը մարտունակ, կարող էին և արհամարհել այլ երկրների մոտեցումները։ Դա առաջին զսպիչ ուժն է, որն այսօր թույլ չի տալիս, որ սկսվեն ռազմական գործողություններ հայ-ադրբեջանական ճակատում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը