Հարցազրույց

16.11.2010 15:51


Իշխան Զաքարյան

Իշխան Զաքարյան

Նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է ՀՀ վերահսկիչ պալատի 2009թ. տարեկան հաշվետվությունը, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին:

-Կնշե՞ք 2009թ. ամենակարևոր խախտումներից: Դուք ստացել եք բողոքներ և արձանագրել եք խախտումներ:

-Գիտե՞ք, 2009թ. է, 2010թ. է, 8-ը կամ 7-ը։ Ես կարծում եմ՝ հարցը նույն հարթության վրա չի կարելի դնել՝ ո՞րն է կարևոր, կամ ո՞րն է ոչ կարևոր: Վերահսկիչ պալատի համար տարեկան ծրագրերում ընդգրկված ցանկացած թեմա արդեն կարևոր է, և այս առումով մենք փորձել ենք և՛ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող հաշվետվության մեջ, և՛ ընդհանրապես այն, ինչ-որ մենք արդեն տեղադրել ենք մեր կայքէջում, շատ ընդարձակ, համակողմանի, բովանդակային առումով շատ պարզ, մատչելի ներկայացնել հաշվետվությունը, որտեղ շատ հստակ երևում է, թե որ կազմակերպությունում մենք ի՞նչ ծրագրեր ենք նայել, ի՞նչ կարգի խախտումներ ենք հայտնաբերել, և այդ խախտումները հայտնաբերելուց հետո տվյալ կազմակերպության ղեկավարները ի՞նչ արձագանք են տվել, և ինչպե՞ս են վերականգնվել գումարները:

-Հիմա, մասնավորապես, պետբյուջեի՞ միջոցներն են անարդյունավետ ծախսվել, համայնքայի՞նը: Որտե՞ղ եք ավելի շատ խախտումներ նկատել:

-Պետական բյուջեի ծախսերի հետ կապված՝ ես քիչ առաջ հրապարակեցի թվեր, որտեղ շատ հստակ ասացի, որ պետական բյուջեի՝ այն, ինչ որ մենք նայել ենք, մոտավորապես 6 380 000 դրամ վերականգնման ենթակա գումարներ են տարբեր կառույցների կողմից. նկատի ունեմ և՛ վարկային միջոցներ, և՛ պետական բյուջեի միջոցներ, և՛ պետական բյուջեից որպես դոտացիա տրված միջոցներ, որոնք ճիշտ չեն օգտագործվել։ Մեղմ ասած՝ սխալ են օգտագործվել և պետք է վերականգնվեն պետական բյուջե: Բացի այդ, ասացի նաև 1 307 000 դրամ անարդյունավետ ծախսերի մասին: Դրանք այն դեպքերն են, երբ ծախսերը կան, միջոցները հատկացվում են, բայց մեր կարծիքով վերջնական արդյունքները չեն ապահովվում կամ բացարձակապես անհրաժեշտ չեն: Օրինակ, եթե այսօր այդքան խոսում ենք Սևանի լճի մաքրման, Սևանա լճի տարածքում ծառերի մաքրման մասին, մեզ համար բացարձակ անհասկանալի է, թե ինչու 7 700 000 դրամ պետք է ծախսեն 1905 մ նիշից ներքև ծառատունկ անելու համար: Դա մենք համարում ենք անարդյունավետ ծախս: Սա շատ դասական օրինակ է: Մեր հաշվետվության մեջ մեկ առ մեկ թվարկված են բոլոր այն կառույցները, որտեղ այս կամ այն չափով կատարված են անարդյունավետ ծախսեր:

-Ստուգումների ավարտից հետո «GeoProMining Gold» ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ դատի է տալու Վերահսկիչ պալատին, հետո էլ երեկ հերթական հայտարարությունն է արել, որ Վերահսկիչ պալատը դուրս է եկել ստուգումների թեմատիկայից և ստուգել է հարցեր, որոնք չեն վերաբերել ընդերքի օգտագործմանը: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

-Ձեր նշած պատճառները բացարձակապես վերահսկիչ պալատին չեն մտահոգում: Վերահսկիչ պալատն իր եզրակացությունն արդեն կայացրել է: Վերահսկիչ պալատի եզրակացությունն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է կառավարություն, և սպասում ենք օրենքով սահմանված կարգով դրա պատասխաններին: Ինձ այդ հայտարարության մեջ  ավելի շատ վրդովեցրել է այն փաստը, որ  «GeoProMining»-ը հայտարարել է, թե մենք տվյալները ձեռք ենք բերել անօրինական ճանապարհով: Ես ուզում եմ ասել հետևյալը. Վերահսկիչ պալատի մասին օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր ստուգվող կազմակերպությունները պարտավոր են Վերահսկիչ պալատին տրամադրելու տեղեկություններ իրենց տեղեկությունների կամ իրենց ձեռքի տակ եղած տեղեկությունների վերաբերյալ: Պարտավո՛ր են, կրկնում եմ: Դա օրենքով ամրագրված է: Այս պարագայում մենք օգտվել ենք օրենքով վերապահված մեր հնարավորությունից, դիմել ենք արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալություն, որտեղից ես հիմա բերել եմ գործակալության պաշտոնական պատասխանը և հիմա կներկայացնեմ: Հիմա ես սա ընթերցում եմ: Պատասխանել են ՀՀ վերահսկիչ պալատի 8-րդ վարչության պետ Կարեն Կարապետյանին, ում ղեկավարությամբ իրականացվել է ստուգումը: «Հարգելի՛ պարոն Կարապետյան, տեղեկացնում ենք Ձեզ, որ «GeoProMining Gold» ՍՊԸ միակ մասնակից «First Disne Mines Limited Armenia» ընկերությունն իր բաժնեմասերը գրավադրել է «VTB Capital PMC» ընկերությանը՝ կնքված գրավի պայմանագրի համաձայն: Միևնույն ժամանակ Ձեզ ենք տրամադրում  «GeoProMining Gold» ՍՊԸ մասնակից «First Disne Mines Limited Armenia» ընկերության և «VTB Capital PMC» ընկերության 2010թ. հունիսի 22-ի կնքած բաժնեմասի գրավի պայմանագիրը»: Այս պայմանագրից հիմա ես կկարդամ այն հատվածը, որը վերաբերում է 250 մլն դոլարի վարկ վերցնելուն: «Մի կողմից՝ «VTB Capital PMC» Անգլիայի օրենքների համաձայն ստեղծված բանկը, մյուս կողմից՝ «First Disne Mines Limited Armenia» ընկերությունը: Քիչ առաջ տեսաք, որ «First Disne Mines Limited Armenia» ընկերությունը միակ մասնակիցն է «GeoProMining Gold» ընկերության: «KarloBV» ընկերության և գրավառուի միջև 2010թ. հունիսի 22-ին կնքվել է վարկային պայմանագիր, որով գրավառուն  «KarloBV» ընկերությանը տրամադրել է 250 մլն դոլարի չափով վարկային գիծ, և գրավատուն պատրաստակամություն է հայտնել ու համաձայնել է գրավ դնել «GeoProMining Gold» ՍՊԸ կանոնադրական կապիտալում իրեն սեփականության իրավունքով պատկանող 100% բաժնեմաս: Ես հիմա հայտարարում եմ հետևյալը. այս առումով վերահսկիչ պալատի համար խնդիրը փակված է: Ինձ մտահոգում էր միայն այն, թե մենք անօրինական ճանապարհով ենք հայթայթել նյութերը: Որևէ անօրինական ճանապարհ չկա. ընդհակառակը, խիստ օրինական և օրենքի սահմաններում մենք համապատասխան գործակալությունից վերցրել ենք նյութերը, որը և հրապարակել ենք, ինչպես նաև հրապարակել ենք նորից պետական եկամուտների կոմիտեի կողմից վերցված տեղեկանքը, ըստ որի 3 տարի շարունակ 15, 16 թե 17 մլրդ դրամի վնասով է աշխատել տվյալ ընկերությունը: Դա նույնպես օրենքով սահմանված կարգով մենք վերցրել ենք պետական եկամուտների կոմիտեից: Նորից եմ կրկնում՝ թեման մեզ համար փակ է, մեր արձանագրությունը մենք համարում ենք վերջնական, այլևս այս թեմային չենք անդրադառնալու, պաշտոնապես ուղարկել ենք կառվարություն: Նորից եմ կրկնում՝ խոսքը ոսկու արդյունահանման մասին է, խոսքը մի մետաղաարդյունահանման մասին է, որը վերջին տարիներին 20 դոլարից դարձել է 41 դոլար 1գրամը: Աթարի արտադրության կամ գոմաղբի արտադրության մասին չեմ խոսում, ոսկու արտադրության մասին եմ խոսում, և մեր որոշումը վերջնական է: Իրավական հարթության հետ կապված խնդիրնե՞ր ունեն քննարկելու. շա՛տ լավ, դրա համար կա համապատասխան վայր, տեղ կարող ենք հանգիստ քննարկել:

- Ինչպե՞ս եք գնահատում իրականացված ստուգումները և հայտնաբերված բյուջեի անարդյունավետ ծախսերը:

-Մեր ընտրանքային ստուգումը նախորդ տարի հնարավորություն տվեց կամ ավելի շատ հուշեց մեզ, որ նոր ծրագրում, որը պետք է ներկայացնեմ ԱԺ հաստատմանը, հարկային, մաքսային մարմիններում 2011թ. ստուգումներ անցկացնելու վերաբերյալ խնդիրն է: Այո՛, անցյալ տարի ստուգել ենք որոշակի տեսչություններ, հայտնաբերել ենք խախտումներ, և պետք է ասեմ, որ շատ արագ Պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է այդ խախտումներին, և այդ տեսչությունը, որի մասին խոսեցի, գրեթե բոլորը աշխատանքից ազատված են։ Կարծեմ ընթանում են նաև այլ կարգի գործընթացներ, որոշակի հարցեր փորձում են պարզաբանել։ Շատ նորմալ եմ նայում այս խնդիրներին. դրանք ուղղված են միայն մեկ նպատակի՝ որքան հնարավոր է՝ պետական բյուջեի մուտքերը դարձնել  առավելագույնս իրատեսական, որքան հնարավոր է՝ ստվերից հանել այն կազմակերպություններին, որոնք այս կամ այն ձևով փորձում են ճողոպրել և թաքնվել համապատասխան կառույցներում հաշվետվություններ չներկայացնելիս՝ բնականաբար, բյուջետային մուտքեր չապահովելով:

-Վերջերս մամուլում շրջանառվում են լուրեր սոցիալական ապահովության հիմնադրամում մեծ խախտումների մասին: Կցանկանայի՝ հերքեք կամ հաստատեք այդ լուրերը: Մասնավորապես խոսքը մահացած մարդկանց ինչ-որ թոշակներ գրելու մասին է:

-Ես ինքս էլ մամուլում ընթերցել եմ: Մամուլը մնում է մամուլ, որին ես շատ հարգում եմ: Վերահսկիչ պալատի հաշվետվությունը մնում է Վերահսկիչ պալատի հաշվետվություն և եզրակացություն: Այո՛, մենք հիմա լայնածավալ ստուգումներ ենք իրականացնում ամբողջ նպաստների և թոշակների բնագավառում: Պետական բյուջեից տարեկան 226 մլրդ դրամ հատկացվում է նպաստներին և թոշակներին: Այս պահի դրությամբ ես որևէ թիվ, որևէ կարծիք չեմ կարող հայտնել, քանի որ ստուգումները դեռ շարունակվում են։ Դրա մասին կխոսեմ այն ժամանակ, երբ Վերահսկիչ պալատի խորհուրդը կհաստատի հաշվետվությունը, որից հետո Վերահսկիչ պալատի նախագահը նոր իրավունք կունենա խոսել որոշակի թվերի կամ որոշակի փաստերի մասին:

-Բայց դուք խորհրդարանի ամբիոնից նշեցիք, որ ավտոմեքենաներ ունեցողները, խոշոր եղջերավորներ ունեցողները նպաստներ են ստանում և այլն:

-Դրանք վերաբերում են սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներին համայնքային ստուգուման ժամանակ՝ սոցիալական ծառայության կամ տարածքային գրասենյակներ, որոնց նշանակում են քաղաքապետները, և կան տարածքային գրասենյակներ, որոնց նշանակում են մարզպետները: Մարզպետարանների և համապատասխան կառույցների ստուգման ժամանակ, իրոք, հանդիպել ենք նման դեպքերի, երբ մարդիկ, որոնք պետք է նպաստ չստանային, ստանում են նպաստներ: Ուղղակի համակարգային լուծում է պետք:

-Հստա՞կ է, թե 2011թ. որ թեմաներն են լինելու ձեր ուշադրության կենտրոնում:

-2011թ. լինելու են նորից մի քանի համայնքներ, մարզպետարաններ, լինելու են մի շարք նախարարություններ, լինելու են նաև թեմաներ, որոնք առաջին անգամ ենք ընդգրկելու և առաջին անգամ ենք նայելու: Օրինակ ես կարող եմ ասել, որ առաջին անգամ 2011թ. մենք իրականացնելու ենք բնապահպանական աուդիտ շրջակա միջավայրի աղտոտվածության, դրա պատճառների, մեղավորների և այլ հարցերի հետ կապված: Իսկ ընդհանրապես 2011թ. ծրագիրը բովանդակային առումով բավական հետաքրքիր է, որովհետև առաջին անգամ վերահսկիչ պալատի խորհուրդը գրեթե իր ծրագրում դրել է զուտ ծրագրային վերահսկողություն: Այսինքն այլևս մենք չենք կարող վերահսկել առողջապահության նախարարությունը: Կոնկրետ նշված են առողջապահության նախարարության ծրագրերը, որոնք պետք է դառնան վերահսկողության թեմա:

-Դուք նպատակահարմարությունը տեսնո՞ւմ եք, որ ձեր հայտնաբերած խախտումները օրենքի իմպերատիվ ուժով տեղափոխվեն, ասենք, դատարան, լուծում գտնեն:

-Կան վերահսկիչ պալատներ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա: Կան վերահսկիչ պալատներ, որտեղ կան և հետաքննություն իրականացնող մարմիններ, կան տեղեր, որտեղ կան դատավորներ, և կան վերահսկիչ պալատներ, որտեղ կա նաև գլխավոր դատախազ: Այսինքն՝ հայտնաբերում են, քննում են, պատժաչափեր են սահմանում և այլն: Մենք կատարում ենք այն, ինչ օրենքի պահանջն է: Երբ մենք հայտնաբերում ենք, այսօր ես խոսեցի մի քանի միլիոնավոր, հարյուրմիլիոնավոր դրամների մասին, որոնց մասով գործերը գտնվում են դատարանում: Դրանք, բնականաբար, գալիս են դատարաններ, ուղղում են այն կառույցները, որտեղ մենք հայտնաբերում ենք այդ խախտումները: Պետք է ասեմ, որ բավական դրական դինամիկա կա այն առումով, որ եթե առաջին տարին ես խոսում էի խախտումների մասին, և դատարաններ քիչ էր գործ գնում, հիմա պետք է իմ գոհունակությունը հայտնեմ, որովհետև գլխավոր դատախազություն ուղարկված գրեթե բոլոր նյութերով հարուցված են քրեական գործեր: Հարուցված են քրեական գործեր, կան ձերբակալվածներ, կան տեղեր, որտեղ դեռևս նախաքննություն է գնում, կան տեղեր, որտեղ պետական խոշոր միջոցները վերականգնվել են և այլն:

Ներկայացրեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը