Հարցազրույց

08.02.2010 16:56


Վարդան Այվազյան

Վարդան Այվազյան

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ.

-Ինչո՞վ է Ձեզ համար կարևորվելու այս նստաշրջանը։

-80 նոր օրենք ունենք։ Դա ինքնին կարևոր է։ Մեր հանձնաժողովն օրենքների առատության տեսանկյունից պակաս չունի։ Այդ հարցում մեր հանձնաժողովին Աստված տվել, չի խնայել։

-ՀՀ նախագահն ասում է, թե չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Ի՞նչ կասեք այդ մասին։ Դուք ի՞նչ սխալներ ունեք։

-Այնքա՜ն սխալներ ունեմ։ Հանրապետության նախագահը շատ ճիշտ է ասել. չի սխալվում միայն մահացած մարդը կամ ընդհանրապես գործ չանողը։

-Անձամբ Ձեր սխալներից ո՞րը կառանձնացնեք։

-Սխալները բազում են։ Իսկ Դուք չե՞ք սխալվում։

-Իմ և Ձեր տարբերությունը մեծ է։ Ես օրենքներ չեմ ընդունում։

-Դրա համար էլ կա 130 պատգամավոր, որպեսզի Վարդան Այվազյանի սխալվելու դեպքում սխալ օրենքներ չընդունվեն։ Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր մարդ էլ բացթողումներ ունենում է, ոչ ճիշտ որոշումներ կայացնում է։

-Եթե հայ–թուրքական արձանագրությունները բերվեն խորհրդարան, առանց վերապահումների «կո՞ղմ» կքվեարկեք։

-Միանշանակ՝ այո։

-Եվ կհամարեք, որ դա ճի՞շտ քայլ է։

-Այո՛։ Արձանագրությունների այն սկզբունքները, որ մենք ընդունել ենք, առանց որևէ նախապայմանի սահմանի բացման գործընթացն է, ՀՀ-ի տնտեսական հնարավորություններն են, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավորություններն են։ Առանց ինֆրաստրուկտուրայի, առանց կոմունիկացիայի տնտեսությունը շնչահեղձ է լինում։ Դա ակնառու է։ Մարդիկ ամեն ինչ անում են, գումարներ են ներդնում, ծախսում են միլիարդավոր դոլարներ, որպեսզի կարողանան ստրուկտուրաներ ձեռք բերել։ Այնպես չէ, որ սահմանը մենք ենք փակել։ Ո՛չ։ Խնդիրն  այն է, որ կա միջազգային հանրության տեսակետ, միասնական զարգացման նախապայմանը անհրաժեշտություն է բոլորի համար։ Ինձ համար շատ անհասկանալի է մեր ընդդիմախոսների պահվածքը, որ ասում են, թե Թուրքիայի համար դրանք շատ նպաստավոր նախապայմաններ են։ Ի՞նչ է, թուրքերը չե՞ն հասկանում իրենց շահի գերակայությունը ու չե՞ն վավերացնում այդ արձանագրությունները։ Որքան գիտեմ՝ դրանք իրենց մոտ են «լռվել», ոչ թե մեզ մոտ։

-Չե՞ք կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման առասպելն ավարտված է։

-Չի կարող առասպելը վերջանալ, որովհետև դա իրողություն է, առասպել չէ։ Անկախ որևէ կոնֆիգուրացիայից՝ մենք պատմականորեն գտնվում ենք մեկ տարածաշրջանում, և զարգացումն առանց մեկը մյուսի գրեթե հնարավոր չէ։ Միայն տնտեսական ենթակառուցվածքների առկայության խնդիրը չէ, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը Թուրքիային անհրաժեշտ է։ Կա նաև բարիդրացիական հարաբերությունների կարգավորման խնդիրը, որովհետև Հայաստանը միայն Հայաստանում ապրող հայերը չեն։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը