Լրահոս

08.02.2010 09:51


Փոխվարչապետ. «Չհասկացա՞, կարող ա շոու ա, Վարդա՛ն»

Փոխվարչապետ. «Չհասկացա՞, կարող ա շոու ա, Վարդա՛ն»

Փետրվարի 6-ին Գյումրիում տեղի է ուեցել մարզխորհրդի նիստ, որտեղ ներկա էին Շիրակի մարզպետ Լիդա Նանյաը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և մարզի գրեթե բոլոր համայնքապետերը:  Նիստի ընթացքում հետաքրքիր միջադեպ է գրանցվել, որտեղ գլխավոր դերակատարը, բնականաբար, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր:

Վերջինս ձայնի իրավունք խնդրելով՝ դիմել է Արմեն Գևորգյանին Գյումրու հարթ կտուրով շենքերի տանիքների և քաղաքի երկրորդական փողոցները վերանորոգելու համար գումար տարամադրելու խնդրանքով: 

Ստորև ներկայացնում ենք Վարդան Ղուկասյանի և Արմեն Գևորգյանի միջև տեղի ունեցած երկխոսությունը:

«Մենք քաղաքում հարթ կտուրներ ունենք, որոնք սարսափելի վիճակում են և ունենք երկրորդական փողոցներ, որոնք էլի սարսափլի վիճակում են։ Էդ տեղով մեքենաները ընդհանրապես չեն կարող անցնել: Այս հարցի շուրջ խնդրած կլինեի, որ հետագայում ինչ-որ բան անեինք»,- փոխվարչապետին դիմել է Վարդան Ղուկասյանը:

Ինչին փոխվարչապետը պատասխանել է .

-Նախ պետությունը գումար չի հատկացրել բազմաբնակարանային շենքերի կտուրների վերանորոգման համար: Եվ հարգելի գործընկերներ ու ներկաներ ինձ թվում է, որ արդեն ժամանակն է, որ դուք ազգաբնակչության հետ ավելի ազնիվ եւ ավելի բաց այս թեման քննարկեք՝ դա պետության խնդիրը չի, դա համատիրությունների և համայնքների խնդիրն ա:

-Հիմա ես մի հարց ունեմ, էս տարի Գյումրին ինչքան դոտացիա է ստացել,- Արմեն Գևորգյանը հարցով դիմել է Վարդան Ղուկասյանին:

Վարդան Ղուկասյան. -150 միլոն:

Արմեն Գեւորգյան.- Ըհը՜, ուրեմն էդ 150 միլոնով կարող եք առնվազն մի քանի շենքի հարց լուծել:

Վարդան Ղուկասյան.- Մենք արդեն էդ հարցերը լուծել ենք, առնվազ 60 շենքի հարց ենք լուծել:

Արմեն Գեւորգյան.- Ուրեմն, պարո՛ն Ղուկասյան,  ինչքան հնարավորություն ունի պետությունը այդքան էլ անում է: Լարցուցիչ այլ ֆինանսական միջոցներ ես այսօր չունեմ:

Վարդան Ղուկասյան.- Բայց մի բան պետք է լինի, չէ՞:

Արմեն Գեւորգյան.-Դե մտածեք, դրա համար էլ Ձեզ ընտրել են Գյումրիի քաղաքապետ:

Դրանից  հետո Վարդան Ղուկասյանը շրջվեց լրագրողների և տեսախցիկների կողմը՝ ասելով.

-Լսեցի՞ք, լսեցի՞ք ես հարցը բարձրացրեցի, ինչ ասեց:

Լրագրողների հետ Վարդան Ղուկասյանի անկեղծացման պահը ակնհայտորեն դուր չեկավ փոխվարչապետին, ով գրիչով բարձրախոսին խփելով փորձում էր լռեցնել քաղաքապետին, սակայն ուշադրության չարժանանալով՝ Արմեն Գևորգյանը բարկացած դիմեց բազմաբնակարանային շենքերի հարթ տանիքներով խիստ մտահոգված քաղաքապետին. «Չհասկացա՞, կարող ա շոու ա, Վարդան, վե՛րջ, ես եմ խոսում դուք լսում եք»:

«Էղավ»,-արձագանքեց Գյումրու աստվածավախ քաղաքապետը, և նիստը շարունակվեց իր բնականոն ընթացքով:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը