Աշխարհ

06.02.2018 11:08


Թուրքիայի փոխվարչապետը սպառնացել է Մանբիջում կռվել նաև ամերիկացի զինծառայողների դեմ

Թուրքիայի փոխվարչապետը սպառնացել է Մանբիջում կռվել նաև ամերիկացի զինծառայողների դեմ

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ եթե քրդական ուժերը Մանբիջից դուրս չգան, Թուրքիայի զինուժը գործողություն է սկսելու նաև այնտեղ և անհրաժեշտության դեպքում գործողությունը կուղղվի նաև ամերիկացի զինծառայողների դեմ: Փոխանցում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:

«Մենք դա չենք ուզենա: Սակայն, եթե ԱՄՆ զինծառայողները «ահաբեկչական համազգեստներ» հագնեն և կռվեն մեր դեմ, այդ դեպքում մենք նրանց չենք առանձնացնելու: YPG-ի համազգեստով ամերիկացի զինծառայողն էլ է թիրախ: Թող մեր դեմ դուրս չգան»,-հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես հայտարարել է, որ Սիրիայում «Ձիթենու ճյուղ» գործողության ավարտից հետո Թուրքիան սկսելու է նաև գործողություններ քրդական ուժերի դեմ Մանբիջում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել էր սահմանափակել Թուրքիայի ռազմագործողությունը և խուսափել քայլերից, որոնք կարող են բերել ամերիկյան ու թուրքական ուժերի միջև բախումների:

Նշենք, որ Միացյալ Նահանգների աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքիայի իշխանությունները մշտապես մեղադրում են ԱՄՆ-ին «ահաբեկիչներին աջակցելու», Թուրքիայի փոխարեն քրդական ուժերին նախապատվություն տալու համար:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը