Աշխարհ

02.02.2018 11:22


Մխիթարյանը կօգնի Արսենալին ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլում, իսկ Օբամեյանգը` ոչ

Մխիթարյանը կօգնի Արսենալին ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլում, իսկ Օբամեյանգը` ոչ

Հունվարի 31-ին Եվրոպայում փակվել է ձմեռային տրանսֆերային պատուհանը, իսկ «Արսենալը» տրանսֆերային շուկայում աշխատանքն ավարտել է երկու ձեռքբերմամբ:

Ինչպես հայտնի է, «զինագործների» նորեկներն են դարձել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Երկու ֆուտբոլիստն էլ, միանշանակ, կկարողանան օգնել «Արսենալին» անգլիական Պրեմիեր-լիգայում, բայց մյուս մրցաշարերի դեպքում իրավիճակը մի փոքր ավելի բարդ է, գրում է «FC-Arsenal.com»-ը:

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում լոնդոնցիները կկարողանան հայտավորել միայն Մխիթարյանին, որը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգային, բայց քանի որ ՄՅՈւ-ն շարունակում է պայքարն այս մրցաշարում, ՈւԵՖԱ-ի կանոնադրության համաձայն, նա իրավունք ունի մեկ այլ թիմի կազմում գրանցվելու ԵԼ-ում:

Իսկ ահա Օբամեյանգն ընթացիկ մրցաշրջանում չի օգնի «Արսենալին» եվրագավաթներում: «Բորուսիան» նույնպես սկսել է իր ելույթները Չեմպիոնների լիգայում, սակայն խմբային փուլում զբաղեցրել է 3-րդ տեղն ու, այս կերպ, հայտնվել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում:

Կանոնադրության համաձայն, ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանի ընթացքում չի կարող հանդես գալ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող միևնույն մրցաշարում` տարբեր ակումբների կազմում:

«Բորուսիան» և «Արսենալը» խաղում են Եվրոպա լիգայում, և չնայած նրան, որ գաբոնցի ֆուտբոլիստը դորտմունդցիների կազմում այս մրցաշարում խաղադաշտ դուրս չի եկել, նա հիմա չի կարողանա հայտավորվել մեկ այլ թիմի կազմում:

Իսկ Լիգայի Գավաթում իրավիճակն այլ է. Օբամեյանգը կկարողանա մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ փետրվարի 25-ին կայանալիք եզրափակչին, իսկ Մխիթարյանը` ոչ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը