Աշխարհ

02.02.2018 09:13


Կոնգրեսականներին տեղափոխող գնացքը հարվածել է աղբ հավաքող բեռնատարին. կան զոհեր (լրացված, տեսանյութ)

Կոնգրեսականներին տեղափոխող գնացքը հարվածել է աղբ հավաքող բեռնատարին. կան զոհեր (լրացված, տեսանյութ)

Մեկ տասնյակից ավելի հանրապետական կոնգրեսականներ և սենատորներ ուղևորվում էին Վեստ Վիրջինիա նահանգ՝ մասնակցելու Հանրապետական կուսակցության արտագնա հավաքին, երբ օրենսդիրներին տեղափոխող գնացքը հարվածել է աղբ հավաքող բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել է բեռնատարի վարորդը: Որոշ կոնգրեսկաններ ստացել են թեթև վնասվածքներ:

Նախագահ Թրամփն առաջիններից էր, ով արձագանքեց պատահարին:

«Մենք դեռևս չունենք ամբողջական պատկերը, սակայն հայտնի է, որ գնացքն է հարվածել բեռնատարին, որը շարժվում էր սովորական արագությամբ: Մենք սպասում ենք ամբողջական զեկույցին: Բեռնատարի վարորդը, ցավոք, զոհվել է, իսկ կոնգրեսականները ճանապարհին են դեպի հավաքատեղին»,- հայտարարել է նախագահը:

Գնացքում գտնվող օրենսդիրներից շատերը սոցիալական ցանցերի միջոցով հաղորդել են, որ լուրջ վնասվածքներ չեն ստացել։

«Լսվեց ուժեղ ձայն, և գնացքը կտրուկ առաջ մղվեց՝ մեզ բոլորիս նետելով առաջ»,- պատմել է գնացքի ուղևոր, կոնգրեսական Լարի Բաքշոնը:

Կոնգրեսականը պատմել է նաև, որ այն բանից հետո, երբ համոզվել են, որ այն ահաբեկչական գործողություն չէ, նրանք դուրս են եկել գնացքից՝ փորձելով օգնել վիրավորներին, որոնց օգնություն էին ցույց տալիս նաև բժիշկները:

Փոխնախագահ Փենսը հանրապետականների հավաքին իր խոսքն ասաց նույն օրն ավելի ուշ։

«Մենք ցավակցում ենք զոհվածների ու վիրավորների ընտանիքներին: Փառք Աստծո, չեղան ավելի շատ զոհեր: Երախտապարտ ենք առաջին արձագանքողներին, մասնավորապես ոստիկանությանը, հրշեջ ծառայությանը, բժիշկներին իրենց արագ արձագանքի համար»,- հայտարարել է Փենսը:

Պատահարը տեղի ունեցավ Վեսթ Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքից 30 կիլոոմետր հեռավորության վրա:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը