Լրահոս

05.02.2010 17:12


ՀՅԴ անդամ. «Ղարաբաղի խնդրում թուրքերի ակտիվությունը մեզ համար անպայման վատ հետևանք կունենա»

ՀՅԴ անդամ. «Ղարաբաղի խնդրում թուրքերի ակտիվությունը մեզ համար անպայման վատ հետևանք կունենա»

ՀՅ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը տեսականորեն չի բացառում, որ ցանկացած պահի կարող է ԼՂ-ում պատերազմ վերսկսվել, սակայն չի կարծում, թե պատերազմի վտանգն այդքան մոտ է։

-Այս պատերազմը չի լինի այնպիսին, ինչպիսին եղավ 1990-91թթ.։ Պատերազմն սկսողը հենց առաջին 1-2 շաբաթում հսկայական զոհեր և փախստականների շատ մեծ բանակ է ունենալու,- ասել է Ա. Շահբազյանը։

Նա նշել է նաև, որ ադրբեջանցիներն անընդհատ հոխորտում են, իսկ մենք պաշտպանվելու կեցվածք ենք ընդունել.

-Կողմ չենք, որ հոխորտանք, բայց նաև այսպիսի շատ խեղճ կեցվածքին էլ կողմ չենք։ Հոխորտալը լավ բան չէ, բայց բոլորը պետք է իմանան, որ եթե ադրբեջանցիները պետք է գան իրենց ավարի ետևից, մենք պետք է պաշտպանենք մեր գոյությունը, հետևաբար թող մեզ չվախեցնեն։

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նաև հավելել է, որ ընդհանրապես պատերազմում հաղթում է նա, ով ակտիվ է.

-Մեր այս կրավորական կեցվածքը գուցե ոմանց համար ինտելիգենտ կամ զուսպ պահվածք է, բայց ես դրա հետ շատ համաձայն չեմ։ Մենք պետք է ավելի շատ ակտիվ լինենք, որովհետև շատ մտահոգ եմ, որ անկախ նրանից՝ ով որտեղ ինչ կասի, Ղարաբաղի խնդրում թուրքերի ակտիվությունը եթե ոչ այս օրերին, ապա մեծ ժամանակահատվածում մեզ համար անպայման կունենա վատ հետևանք, եթե մենք համարժեք գործունեություն չենք իրականացնում։

ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ կարծում է, որ հայկական կողմը պետք է կարողանա շատ ավելի համակարգված աշխատել:

-Մտածել անընդհատ՝ թե՛ ԼՂ-ի, թե՛ Հայոց ցեղասպանության հարցում մեր պահանջն արդար է, և միջազգային կառույցներում լրացուցիչ բարձրաձայնելու, միջազգային հանրությանը լրացուցիչ փաստարկներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա, չեմ կարծում, որ ճիշտ հաշվարկված ռազմավարություն է,- հայտարարել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը