Աշխարհ

01.02.2018 09:52


Թուրքիայի ԶՈւ-ն և Անկարային աջակցող զինյալները Աֆրինում մինչև այժմ ունեցել են 29 կորուստ. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի ԶՈւ-ն և Անկարային աջակցող զինյալները Աֆրինում մինչև այժմ ունեցել են 29 կորուստ. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում մինչև այժմ սպանվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող և Անկարային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման 24 զինյալ: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Այսինքն Աֆրինում քրդական ուժերի դեմ գործողությունների ընթացքում թուրքական կողմը տվել է 29 կորուստ:

Նշենք, որ Թուրքիայի ԶՈւ ԳՇ հաղորդագրությունների համաձայն՝ հունվարի 22-29-ը Թուրքիայի զինված ուժերից սպանվել է 5 զինծառայող, ևս 43-ը վիրավորվել է, իսկ «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումից սպանվել է 16 զինյալ, ևս 36-ը վիրավորվել է: Այսինքն, Անկարային աջակցող զինյալների կորուստները մեկ օրում աճել են առնվազն 8-ով:

Թուրքական կողմի պաշտոնական տվյալների, սակայն, պետք է վերապահումների մոտենալ, քանի որ հնարավոր է՝ կորուստների մի մասը դիտմամբ չհայտարարվեն: Թուրքական կողմը նաև հայտարարում է քրդական ուժերի առնվազն 700 մարտիկ սպանելու մասին, սակայն պարզ չէ թե այս տվյալները ինչպես են հավաքվում, բացի այդ կարող են ընդգրկել նաև քաղաքացիականների շրջանում կորուստները:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան Աֆրինում սկսել էր օդային գործողությունը՝ հունվարի 21-ից անցնելով ցամաքային գործողությունների:

Աֆրինը վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և ռազմական թևը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG): Թուրքիայի իշխանությունները քրդական այս ուժերին համարում են «ահաբեկչական և սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար»:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը