Աշխարհ

31.01.2018 19:27


ԼՂ շփման գծում դիտորդական առաքելության ընդլայնման շուրջ կողմերը պետք է համաձայնության գան. Զախարովա

ԼՂ շփման գծում դիտորդական առաքելության ընդլայնման շուրջ կողմերը պետք է համաձայնության գան. Զախարովա

Ռուսաստանը միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հետ ակտիվորեն հանդես է գալիս ԼՂ շփման գծում լարվածության թուլացման օգտին և ջանքեր է գործադրում՝ ուղղված հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Նա ընդգծեց, որ մեծամասամբ հենց այս դիտորդական առաքելության ընդլայնման հարցին է նվիրված եղել 2016 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հարցը քննարկվել է նաև 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հանդիպման ժամանակ:

«ԵԱՀԿ շրջանակում պատրաստվել էին մի քանի տեսակ փաստաթղթեր, որոնք կարգավորում էին հավելյալ դիտորների գործունեությունը: Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ համանախագահների կողմից կազմակերպված երկու երկրի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ներկայացվել էին թարմացված առաջարկներ: Նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների կողմից պատրաստված փաստաթղթի առնչությամբ: Մնացել են մի շարք տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն մինչ գործի կդրվի ընդլայնման մեխանիզմը»,-ասաց Զախարովան:

Նա ընդգծեց, որ միայն քաղաքական կամքի դրսևորման միջոցով կողմերը կարող են հանգել փոխզիջումային որոշումների, որոնք վերջ կտան իսկապես ձգձգված հակամարտությանը:

Զախարովան հիշեցրեց, որ 2017 թվականի հոկտեմբերին Ժնևում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովին նախագահները համաձայնել են ակտիվացնել բանակցային գործընթացը: Դրանից հետո երկու անգամ հանդիպել են ԱԳ նախարարները, արվել են համապատասխան հայտարարություններ:

«Փետրվարի առաջին տասնօրյակում համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան՝ հստակեցնելու կողմերի դիրքորոշումը կարգավորման խնդրահարույց հարցերի շուրջ»,-եզրափակեց ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը