Լրահոս

05.02.2010 16:20


Հեղինե Բիշարյան. «Ներքին անկայունություն մեր երկրում չկա»

Հեղինե Բիշարյան. «Ներքին անկայունություն մեր երկրում չկա»

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին այսօր «7օր»-ի թղթակիցը հարցրել է, թե որքանով է երկրի ներքին կայունությանը նպաստում պատգամավորների քննադատությանն արժանացած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը։

-Ներքին անկայունություն մեր երկրում չկա, և օրենքի նախագիծը չի կարող անկայունություն առաջացնել երկրում,- պատասխանել է Հ. Բիշարյանը՝ ավելացնելով, որ այդ փաթեթում պարզապես բացեր կան։

ՕԵԿ խմակցության անդամ Խաչիկ Հարությունյանն էլ նշել է.

-Մենք, իհարկե, կողմ ենք, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները կայանան և ուժեղանան, որ պետության բեռը փոքր-ինչ թեթևանա, բայց դեմ ենք, որ դա կատարվի ամեն գնով։ 8 նոր հարկատեսակ է սահմանվում, որոնց մասին մենք ընդհանրապես պատկերացում չունենք։

Ի դեպ, օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ամբիոնից հայտարարել էր, որ կառավարությունում կոալիցիոն կուսակցությունների նախարարները կողմ են քվեարկել այդ նախագծին, հետևաբար կոալիցիոն բոլոր կուսակցություններին առաջարկել էր կա՛մ իրենց այդ նախարարներին հետ կանչել, կա՛մ նրանց հետ քննարկումներ կատարել։

Այսօր, սակայն, Հ. Բիշարյանն ասել է, թե չգիտի՝ Վ. Դալլաքյանն ում է ի նկատի ունեցել.

-Ես չգիտեմ, թե ում մասին է խոսել Վիկտոր Դալլաքյանը։ Ավելի լավ է՝ հասցեագրված խոսեն, որ իմանանք՝ ով ով է, և ինչպիսի պատասխան պետք է նրանք ստանան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը