Լրահոս

05.02.2010 15:46


ՀՀ տարածքում արգելվելու է առանց ապահովագրության ավտոտրանսպորտային որևէ միջոցի վարումը

ՀՀ տարածքում արգելվելու է առանց ապահովագրության ավտոտրանսպորտային որևէ միջոցի վարումը

-ՀՀ տարածքում արգելվելու է առանց ապահովագրության ավտոտրանսպորտային որևէ միջոցի վարումը։ Բոլոր ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը, ովքեր ցանկանում են շահագործել իրենց ավտոտրանսպորտային միջոցները, պարտադիր պետք է իրականացնեն դրանց օգտագործումից բխող ռիսկերի ապահովագրում,- «Փաստարկ» ակումբում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի նախագծի մասին խոսելիս ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

Նա նշել է, որ օրենքն ունի զուտ սոցիալական խնդիր, և լուծում է տուժողների շահերի պաշտպանության խնդիրը։

Գագիկ Մինասյանն ասել է նաև, որ այն վճարները, որ պետք է կատարեն ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը, պետք է բավարար լինեն տուժողներին հասանելի գումարները հատուցելու համար։ Վճարների չափի վերաբերյալ հաշվարկները կկատարվեն 2010թ. ընթացքում։ Այդուհանդերձ, նա նշել է, որ վճարները կարող են լինել ամսական առնվազն 1000 դրամից մինչև առավելագույնը մի քանի հազար դրամ։ 

Գագիկ Մինասյանը հուսով է, որ օրենքի կիրառման արդյունքում վարորդներն ավելի կարգապահ կլինեն, ինչպես նաև ապահովագրական հատուցումները վճարելու համար անհրաժեշտ դրամական հոսքերը ֆինանսական շուկայում անկանխիկ շրջանառություն կառաջացնեն։

Նա նշել է, որ օրենքը բավական երկար է քննարկվել հանձնաժողովում՝ մոտ մեկ տարի, և տեղեկացրել է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 12-ին, վերոնշյալ օրինագծի վերաբերյալ ԱԺ մեծ դահլիճում տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը