Աշխարհ

29.01.2018 13:41


Վրաստանում քննարկվում է նախագահի պաշտոնում Իվանիշվիլիի առաջադրման հարցը

Վրաստանում քննարկվում է նախագահի պաշտոնում Իվանիշվիլիի առաջադրման հարցը

Արդյոք Վրաստանի ամենահարուստ գործարարը` «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կպայքարի՞ երկրի հինգերորդ նախագահի պաշտոնի համար: Վերջին օրերին այս հարցը Թբիլիսիում սկսեց բավական ակտիվորեն քննարկվել` շրջանառվող տարատեսակ լուրերի և իշխող քաղաքական ուժից եկող իրարամերժ ազդակների ֆոնին:

Ուրբաթ օրը, մեկնաբանելով Իվանիշվիլիի հնարավոր առաջադրումը աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում, պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարեց. «Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում աշխատելուց հետո որոշեց հեռանալ քաղաքականությունից: Բայց եթե նա, այնուհանդերձ, որոշի վերադառնալ և մասնակցել ընտրություններին, ես այդ որոշումը միայն կողջունեմ»:

«Վրացական երազանքի» մեկ այլ առանցքային անդամ` խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, հակառակը` Իվանիշվիլիի առաջադրման հեռանկարը քիչ հավանական է համարում:

«Իվանիշվիլին տարիներ առաջ է քաղաքականությունից հեռանալու որոշում կայացրել և այդ որոշումը չի փոխել: Ամեն դեպքում վստահ եղեք` ով ուզում է լինի «Վրացական երազանքի» թեկնածուն աշնանը կայանալիք ընտրություններում` նա լուրջ մրցակից չի ունենա», - նշում էր վրացական խորհրդարանի ղեկավարը:

Վրաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները ևս առայժմ քիչ հավանական են համարում Իվանիշվիլիի առաջադրման հնարավորությունը:

«Կարծում եմ, որ Իվանիշվիլին չի հրաժարվի երկրի ոչ ֆորմալ կառավարչի կարգավիճակից` անձամբ քաղաքական պատասխանատվություն ստանձնելով», - նշում էր ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» խորհրդարանական խմբակցության անդամ Ռոման Գոցիրիձեն:

Արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին չեն բացառում, որ Իվանիշվիլին կցանկանա մասնակցել նախագահական ընտրություններին: Այդ մասին հայտարարեց լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին:

«Ժողովրդավարական շարժում - Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն էլ լրագրողների հետ զրույցում նշում էր, որ առաջիկա ընտրություններում հենց ինքն է լինելու Իվանիշվիլիի հիմնական մրցակիցներից մեկը:

Հոկտեմբերին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունները երկրի ղեկավարի վերջին ուղղակի ընտրությունները կլինեն: 2018-ին ընտրված նախագահը կպաշտոնավարի վեց տարի, իսկ 2024 թվականից արդեն Վրաստանի նախագահին կընտրի խորհրդարանը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը