Աշխարհ

26.01.2018 13:11


Բաքվում սողանքի սպառնալիքի պատճառով 80 ընտանիք է տարհանվել

Բաքվում սողանքի սպառնալիքի պատճառով 80 ընտանիք է տարհանվել

Բաքվի գործադիր իշխանությունը որոշում է կայացրել 390 մարդու, կամ 80 ընտանիքի տարհանման մասին՝ Բայիլի ավանում տեղակայված հեռուստաաշտարակի շրջակայքում սողանքի վտանգի պատճառով:

Բնակիչների մեծ մասը տեղափոխվել է ազգականների մոտ: Ոմանք դպրոցներում տեղակայված ժամանակավոր ապաստարաններում են, այնտեղ նրանք ապահովված են սննդով:

Սողանքի գոտին գտնվում է հեռուստաաշտարակից 200-250մ դեպի հարավ-արևելք: Այստեղ 7 մ խորությամբ, 1մ լայնությամբ ճաքեր են առաջացել: Տարածքը շղթայված է, գտնվում է ոստիկանության վերահսկողության տակ, լրագրողների մուտքն արգելված է:

Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը պնդում է, որ սողանքի ակտիվացման պատճառը մթնոլորտային տեղումներն ու լանջի ներքևի հատվածում շինարարության արդյունքն է, որտեղ հատվել է ուղղահայաց լանջը, գրում է Turan-ը: Բայիլ ավանի բնակիչները թերահավատորեն են վերաբերվում այս հայտարարության առաջին հատվածին, քանի որ ներկայիս ձմեռը բաքվում նախորդ տարիների համեմատ տաք է: Ոչ ուժեղ անձրևներ, ոչ էլ ձյուն է եղել:

Նախարարների կաբինետը հինգշաբթի արտահերթ խորհրդակցություն է անցկացրել սողանքի սպառնալիքի կապակցությամբ: Իրավիճակին հետևելու համար օպերատիվ շտաբ է ստեղծվել: Հողն ամրացվում է, ցցագերաններ են տեղադրվում: Բնապահպանության նախարարության պաշտոնյաները վստահեցնում են, որ հեռուստաաշտարակին վտանգ չի սպառնում:

«Ճաքերի լայնությունը սողանքային գոտում հասնում է 1 մետրի, խորությունը՝ 7 մետրի: Սողանքային գոտում տեղադրված փարոսները հաստատում են այդ գործընթացների դինամիկայում առկա ակտիվությունը: Սողանքային գոտու ակտիվացումը սպառնում է լանջի ներքին հատվածում տեղակայված տներին»,-Trend գործակալությանն ասել է բնապահպանության նախարարության պատասխանատու աշխատակից Ռաֆիկ Հասանովը:

19-րդ դարի կեսերից Բայիլովի շրջանում 14 սողանք է գրանցվել, հաղորդում է Ադրբեջանի գիտությունների ակադեմիան:

Ամենահզոր սողանքը տեղի է ունեցել 2000թ-ի մարտին, երբ 350մ լայնությամբ և 450մ երկարությամբ հողաշերտն անջատվել էր բլրից և վայր գլորվել՝ ավերելով կառույցներն ու կապերը:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը