Աշխարհ

22.01.2018 14:16


Էրդողանը սպառնացել է քրդամետ կուսակցությանը․ «Ով մեր դեմ դուրս գա, կճզմենք, կանցնենք»

Էրդողանը սպառնացել է քրդամետ կուսակցությանը․ «Ով մեր դեմ դուրս գա, կճզմենք, կանցնենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հակառազմական կոչերով հանդես եկող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP)։ Թուրքական «Karınca» թերթի կայքի փոխանցմամբ՝ Էրդողանը խոսել է իշխող կուսակցության կանանց թևի՝ Բուրսայում կայացած 5–րդ հերթական կոնգրեսի ժամանակ։

Անդրադառնալով Աֆրինի ռազմական գործողությունների մասին HDP-ի խաղաղարար կոչերին` Էրդողանն ասել է․ «Եթե սխալմամբ հրապարակ դուրս եկողներ լինեն, շատ թանկ կվճարեն։ Քանի որ սա ազգային պայքար է։ Այս ազգային պայքարի ընթացքում ով էլ որ դեմ դուրս գա մեզ, կճզմենք, կանցնենք։ Հիմա մենք քայլ առ քայլ հետևում ենք ձեզ, որտեղ հրապարակ դուրս գաք, իմացեք, որ մեր անվտանգության ուժերը ձեր գլխին կանգնած են»։

Իր ելույթում Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կատարվել է թուրքերի դեմ։ «Հայկական պնդումները բարձրաձայնողներին մենք տարիներ շարունակ առաջարկեցինք բացել ախիվները, բայց մեր առաջարկը ոչ ոք չընդունեց»։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Աֆրինում թուրքական ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունները վճռականորեն շարունակվելու են․ «Մենք հետքայլ չենք անի, մենք մենակ չենք», -նշել է նա։

Պատասխանելով նաև ընդդիամդիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ զինվորների հնարավոր կորուստներից խուսափելու նպատակով առանց օդուժի աջակցության Աֆրին չմտնելու կոչերին՝ Էրդողանը նշել է, որ հնարավոր չի լինի խուսափել ո՛չ արյունից, ո՛չ զոհերից ու կորուստներից:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը