Լրահոս

04.02.2010 17:34


ԱՄՆ հետախուզության զեկույցը զգուշացնում էր, որ պատերազմը լինելու է Ադրբեջանի կողմից

ԱՄՆ հետախուզության զեկույցը զգուշացնում էր, որ պատերազմը լինելու է Ադրբեջանի կողմից

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հավանականության մասին խոսելիս ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն անդրադարձել է ԱՄՆ հետախուզության կոնգրեսին ուղղված զեկույցին՝ նշելով երկու հետաքրքիր հանգամանք։ Առաջինն այն է, թե ինչ էր ասվել տարածաշրջանի մասին։ Այն զգուշացնում էր պատերազմների և հակամարտությունների վտանգի մասին և նշում հայ-թուրքական դիվանագիտությունը՝ ասելով, որ որոշ «առաջընթաց» կա, ինչը նվեր չէր Թուրքիային։

-Դա նաև ցույց էր տալիս, որ զգուշացնում են, որ պատերազմը լինելու է Ադրբեջանի կողմից՝ օգտագործելով անգլերենում հատուկ բառեր, որ արձագանքը հայ-թուրքական դիվանագիտության նկատմամբ կարող է հասնել պատերազմի վտանգի։ Այս տարածաշրջանում միակ երկիրը, որ արձագանքեց հայ-թուրքական դիվանագիտությանը, Ադրբեջանն էր։ Այսինքն, սա նաև զգուշացում էր Ադրբեջանի համար,- ասել է Ռիչարդ Կիրակոսյանը և ընդգծել, որ այդ կարգի զեկույցներում յուրաքանչյուր բառը հատուկ է ընտրված, հետևաբար շատ կարևոր որոշում էր Բաքվին ուղերձ ուղարկելը։

Հետաքրքիր էր նաև, որ զեկույցում, որում խոսվում էր բոլոր երկրների և աշխարհում բոլոր վտանգների մասին, ընդամենը երկու տեղ նշված չէին։ Առաջինն Անտարկտիդան էր, երկրորդը՝ Թուրքիան. «Դա առաջին անգամ էր, որ նման կարևոր զեկույցում Թուրքիան գոնե մեկ անգամ չէր նշվում։ Դա ցույց էր տալիս Թուրքիայից դժգոհ լինելու բովանդակությունը, և որ Թուրքիան ավելի քիչ ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար։ ՀՀ-ն և Ղարաբաղն ավելի դրականորեն էին հիշատակվում, քան Թուրքիան»։

Այդուհանդերձ նա նշել է, որ պատերազմի սպառնալիքը բացակայում է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը