Հարցազրույց

05.02.2010 17:40


Աշոտ Զաքարյան

Աշոտ Զաքարյան

Հարցազրույց ՀԱԿ Գյումրու տարածքային կառույցի պատասխանատու Աշոտ Զաքարյանի հետ

-Երկարատև ընդմիջումից հետո ՀԱԿ-ը մարտի 1-ին պատրաստվում է կազմակերպել իր հերթական հանրահավաքը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանրահավաքից:

-Մարտի 1-ի հանրահավաքում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացնելու է ՀԱԿ-ի հետագա գործողությունների հստակ ծրագիրը, ինչը, կարծում եմ, մեր երկրում նոր քաղաքական իրավիճակի հիմք կդնի:

-Կոնգրեսի ակտիվի հետ քննարկվե՞լ է ՀԱԿ-ի հետագա գործողությունների ծրագիրը, և Դուք նախնական պատկերացում ունե՞ք, թե որոնք են լինելու ՀԱԿ-ի առաջիկա մարտավարական քայլերը, թե՞ հետագա մարտավարության առումով որոշումը կայացնելու է Լևոն Տեր-Պետրոսյանը:

-Հետագա քայլերի հետ կապված խնդիրները, որպես կանոն, քննարկվում են ՀԱԿ-ի քաղխորհրդում, որտեղ ընդգրկված են ՀԱԿ-ին անդամակցած կուսակցությունների ղեկավարները և ՀԿ-ների ղեկավարները: Մենք նախորդ օրը Երևանում էինք, և քննարկում էինք մարտի 1-ի հանրահավաքի հետ կապված խնդիրները: Ամեն ինչ կհրապարակվի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ: Իհարկե, մենք որոշ բաներ գիտենք, բայց կոռեկտ չէ ժամանակից շուտ խոսելը:

-Բազմաթիվ կոնգրեսականներ ՀԱԿ-ից ակնկալում են առավել ակտիվ և արդյունավետ գործունեություն: Այս առումով ի՞նչ կասեիք:

-Կարծում եմ, որ ոչ միայն առավել ընդդիմադիր տրամադրված, այլ նաև սովորական քաղաքացիներն են հույսերը կապում ՀԱԿ-ի հետ, և ՀԱԿ-ը գիտակցում է իր պատասխանատվությունը: Սրանով պայմանավորված՝ հասարակության ակտիվությունն ինքնանպատակ չէ. գաղտնիք չէ, որ քաղաքականությունը հստակ քայլերի և գործողությունների հաշվարկ է: Գիտակցելով, թե մենք ինչ պատասխանատվություն ունենք մեր ժողովրդի առաջ՝ ակտիվացմանն ուղղված կոնկրետ քայլեր տեղի կունենան այն ժամանակ, որոնք կբերեն շոշափելի արդյունքի:

-Շատերը ՀԱԿ-ին մեղադրում են այն բանում, որ նա առաջնորդվում է «Ինչքան վատ, այդքան լավ» կարգախոսով, և իր հույսը կապել է իշախանության սխալվելու հետ, որի արդյունքում հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել:

-Նախ՝ արդարացի չէ, և ինձ համար անընդունելի է այդ մոտեցումը. կոնկրետ փաստերով պետք է խոսել: Մեր անցած վերջին մի քանի հանրահավաքների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ մեր համար շատ կարևոր են պետության և ժողովրդի խնդիրները, և դրա հետ կապված՝ անգամ հայտարարվեց, որ մենք զերծ ենք մնում քաղաքական ակտիվ գործողություններից, որպեսզի հնարավորություն  չտանք միջազգային կառույցներին և գերտերություններին լրացուցիչ ճնշումներ գործադրել մեր իշխանությունների վրա: Սրանից լավ ապացո՞ւյց, որ մենք չենք առաջնորդվում «Ինչքան լավ, այդքան վատ» կարգախոսով: Այլ խոսք, որ իշխանությունը չօգտվեց մեր ընձեռած հնարավորությունից:

-ՀԱԿ-ը խոսում է պայքարը սահմանադրական ճանապարհով շարունակելու և ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու մասին, սակայն  Երևանի քաղաքապետի և թիվ 10 ընտրատարածքի ընտրությունների որակը ցույց տվեց,  որ ընտրությունների ժամանակ իշխանությունն ամենակարող է. ում ուզի՝ կանցկացնի:

-Ես համոզված եմ, որ Հայաստանում իշխանությունը ձևավորվելու է ընտրությունների միջոցով: Այլ խոսք, որ ներկայիս իշխանությունները հրաժարական են տալու համաժողովրդական շարժման և պայքարի հզոր ալիքի ճնշման տակ:

-Դուք համոզվա՞ծ եք, որ 2008-ին ձևավորված ալիքը կրկնվելու է:

-Այդ ալիքը կրկնվելու է և շատ ավելի հզոր: Եվ այս անգամ վարչախումբը որևիցե հնարավորություն չի ունենալու «մարտի 1» կրկնելու։ Այս առումով շատ կարևոր է պահի ճիշտ ընտրությունը:

-Ձեր նշած հուժկու ալիքը ձևավորվելու է մինչև Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավա՞րտը:

-Ես վստահ եմ, որ Հայաստանում արտահերթ համապետական ընտրություններ են տեղի ունենալու՝ նախագահական և խորհրդարանական: Ուղղակի չեմ կարող ասել, թե որն է ավելի շուտ լինելու: Իսկ իմ վստահությունը գալիս է օր օրի խորացող քաղաքական և սոցիալական խնդիրներից:

Զրույցը վարեց Դերենիկ Մալխասյանը

Այս խորագրի վերջին նյութերը